Եթե հետխորհրդային տարածքում որևէ երկիր դառնա ՆԱՏՕ-ի անդամ, կստանա ավելի ագրեսիվ Ռուսաստան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով Ղրիմում ռուսական քաղաքականությանն ու Ղարաբաղ-Ղրիմ նմանություններին ու տարբերություններին:
Նա նշեց, որ Ղրիմում ՌԴ քաղաքականությունը շատերն են համեմատում 2008թ. Վրաստանում ստեղծված իրավիճակի հետ՝ ասելով, թե Ռուսաստանը որոշակի ծրագրեր ունի ժամանակին իր հետ որոշակի կապեր ունեցած տարածքների վերաբերյալ: Նրա խոսքով՝ իսկապես կան տարածքներ, որոնց Ռուսաստանը կապված է պատմականորեն, ի՞նչ է, դրանք պետք է բոլորը վերցնի՞, չէ՞ որ տարածքները չեն վերցնում կամ նվիրում, և Ռուսաստանն էլ որևէ ծրագիր չունի, պարզապես ՌԴ-ն տարբեր իրավիճակներում համապատասխանաբար տարբեր կերպ է արձագանքում որոշակի իրադարձություններին:
«Վրաստանի պարագայում դա Ռուսաստանին խաղաղարարական գործընթացից դուրս մղելու փորձ էր: Սաակաշվիլիի կողմից այդպիսի քաղաքականություն էր վարվում 4 տարի շարունակ, որից հետո վրացական սադրանքը Ցխինվալում հանգեցրեց այն ամենին, ինչ տեղի ունեցավ 2008թ.:
Ուկրաինայի դեպքում բոլորովին այլ սցենար է՝ եթե խոսենք ղրիմյան անջատողականության մասին, ապա այն շուրջ 15 տարի շարունակ գտնվել է քնած վիճակում, նույնիսկ ավելի շատ: Կիևում հեղափոխական իրադարձությունները, քաոսը, Յանուկովիչի ընկնելը և իշխանության գլխին ՌԴ-ի հետ ոչ այնքան լավ հարաբերություններ ունեցող գործիչների հայտնվելը Ղրիմում հանգեցրին լարվածության:
Ի դեպ, սա ոչ միայն Մոսկվայի ձեռքի գործն էր: Հասկանալի է, որ Մոսկվան կարևոր դերակատարություն է ունենում: Ներկայումս այս գործընթացները բարձրացել են բարձրագույն ղեկավարության մակարդակի, բայց ես Մոսկվայի ուղիղ ձեռքն այս ամենում չեմ տեսնում: Իրավիճակին ՌԴ անպատրաստությունը բերեց ներկայիս իրավիճակին»,- ասաց ռուսաստանցի փորձագետը:
Վերջինս նաև ասաց, որ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներին հանգեցրեց ՆԱՏՕ-ի էքսպանսիան: Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի ագրեսիան չէր լինի, եթե ՆԱՏՕ-ն չսկսեր ընդլայնվել հետխորհրդային տարածքում:
«Ինչո՞ւ են բոլորը նկատում միայն ռուսական գործողությունները: Չէ՞ր կարելի ընդլայնվել առանց Ռուսաստանի: Եթե 20 տարի արջին անհանգստացնում են, ինչո՞ւ են նեղանում, որ արջն արթնանում է. վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենար: ՆԱՏՕ-ի ընդլայնումը հետխորհրդային տարածքում սադրում է Ռուսաստանին և Ռուսաստանի քաղաքականությունն ավելի ագրեսիվ դարձնում»,- ասաց նա:
Հարցին՝ չի՞ տեսնում արդյոք անվտանգության նոր գործիքների ձևավորման անհրաժեշտություն, երբ ներկայիս համակարգերը ուկրաինական զարգացումների ընթացքում բացահայտեցին իրենց ոչ կենսունակ լինելը, նա պատասխանեց, որ անհրաժեշտ է մտածել միջազգային անվտանգության մասին: Բայց, ըստ նրա, միջազգային անվտանգության և իրավունքի մասին առանց Ռուսաստանի խոսել հնարավոր չէ:
Նրա խոսքով՝ եթե մի երկիր մտածում է, որ պետք է մյուսին սովորեցնի, իսկ մյուսը պետք է միայն սովորի, այդպես չի ստացվի նորմալ աշխարհակարգ, պետք է լինի հավասարազոր խոսակցություն հավասար իրավունքների և շահերի հիման վրա:
«Եթե հետխորհրդային տարածքում որևէ երկիր դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ավելի ագրեսիվ Ռուսաստան կստանա: Այն մտածելակերպը, թե Ռուսաստանը թող գնա, մենք ենք գալու և թելադրելու խաղի կանոնները, չի ստացվի»,- նկատեց նա:
Դիտարկմանը, թե ՆԱՏՕ-ին միանալը ՆԱՏՕ-ի և տվյալ երկրի ազատ կամքն է, փորձագետն արձագանքեց՝ ասելով, որ ոչ մի երկիր ազատ չէ բացարձակ, քանի որ բացարձակ ազատություն գոյություն չունի:
«Ի՞նչ է, Ռուսաստա՞նն է ազատ լիովին՝ Ռուսաստանը հիմա հետևում է, թե ինչ է անում ԱՄՆ-ը Ղրիմի շուրջ, Միացյալ Նահանգնե՞րն է լիովին ազատ իր ընտրության հարցում՝ նրանք էլ Չինաստանից են կախված բավականին ուժեղ կերպով: Ո՞ր երկիրն է լիովին ազատ: Այո, ազատ ենք, բայց հաճախ մեր ընտրությունները խանգարում են այլոց ընտրությանը: Դրա համար էլ ստեղծված է միջազգային հարաբերությունների ողջ համակարգը, որպեսզի տարբեր շահեր ու ընտրություններ համաձայնեցվեն:
Յուրաքանչյուր երկիր ինչ-որ մեկից կախված է, բացարձակ ազատություն գոյություն չունի: ՆԱՏՕ-ն պետք է հաշվի առնի Ռուսաստանի հետաքրքրությունները հետխորհրդային տարածքում:
Անկասկած, եթե այդ հետաքրքրությունները հաշվի չառնվեն, եթե անվտանգությունը ՆԱՏՕ-ի ընդլայնումն է, Ռուսաստանի նեղացումը, ապա կստացվի այն, ինչ հիմա ունենք: Պետք է լինի նորմալ երկխոսություն և համաձայնություն»,- մեկնաբանեց Սերգեյ Մարկեդոնովը:
Անդրադառնալով Ղրիմը Ղարաբաղի համար նախադեպ դիտարկելու մասին տեսակետներին՝ նա ասաց, որ հակամարտությունները չեն կարգավորվում ստանդարտների կամ նախադեպերի հիման վրա: Ըստ նրա՝ եթե Ռուսաստանը ճանաչի Ղրիմը կամ ընդունի իր կազմ, դա չի նշանակում, օրինակ, որ Ղարաբաղի հարցում ՌԴ-ն կփոխի իր դիրքորոշումը՝ այն ավելի ռադիկալ դարձնելով կամ փոխելով:
«Այդ հակամարտությունները կարգավորվում են՝ կախված որոշակի տակտիկական, ավելի պակաս ռազմավարական հետաքրքրություններից, այլ ոչ թե որոշակի ունիվերսալ մոդելի համաձայն: Տարբեր երկրներ միևնույն խնդրի վերաբերյալ տարբեր երկրներում այլ գաղափարներ են սատարում: Ռուսաստանը սատարում է Աբխազիային, բայց չի սատարում Կոսովոյին, նույնը հակառակ դասավորությամբ՝ ԱՄՆ-ը: Չինաստանն ընդհանրապես չի ճանաչում որևէ ինքնորոշում:
Սա կոնկրետ հետաքրքրությունների հարց է, ցավոք սրտի՝ կա միտում դիտարկել այդ հակամարտությունները որպես ունիվերսալ մոդել, իսկ այդպիսի ունիվերսալ մոդել գոյություն չունի»,- ասաց նա՝ բացառելով Ղրիմը Ղարաբաղի համար նախադեպ դիտարկելու հնարավորությունը:







































