ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում քննարկվեց «Քաղաքացու որոշում» կուսակցության նամակը՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Դուք ինչպե՞ս եք գնահատում խնդիրը. հավանաբար, դիտել եք նաև նամակի հիմք հանդիսացած տեսանյութը, որում երևում է քաղաքականության և բիզնեսի տարանջատված չլինելը: Ինչո՞ւ այս հարցը մինչ օրս լուծում չի ստացել, ինչո՞ւ ձեր խմբակցության կողմից որևէ հայտարարություն չի եղել:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի առաջադրած հարցերին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ասաց. «Մինչև Ձեր ասած փուլին հասնելը պետք է որոշակի պրոցեսներ անցնեն, որոնք Ազգային ժողովի կամ խմբակցության կամ պատգամավորի տիրույթից դուրս են: Սակայն ես չեմ տիրապետում գործի բոլոր մանրամասներին, բայց ասեմ, որ եթե խոսքը վերաբերում է բացառապես ցեմենտի հետ կապված դրվագին, ապա Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի հատկանիշները բացարձակապես աղերսներ չունեն Ձեր նշած պատգամավորի հետ: Այնտեղ նշվում է, որ պատգամավորը գործողություններ պետք է կատարի՝ նպաստելու իր ձեռնարկատիրական գործունեությանը, նոր միայն առաջադրվում է հանցակազմ. ես սա ներկայացնում եմ որպես իրավաբան»: Պատգամավորը նաև ասաց, որ երեք պայման է սահմանված՝ պատգամավորին մանդատից զրկելու, դրանցից մեկը «վարչական դատարանի կողմից կայացված ակտն է, մյուսը՝ քրեական դատարանի կողմից դատական ակտ կայացնելը: Այդ պայմանների բացակայության դեպքում այդ հարցը քննարկելն անիմաստ է»:







































