Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի քաղաքացիների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգի ներդրման մասին: Համապատասխան հրամանագիրը և քաղաքացիության տրամադրման հայտի ձևանմուշը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային հարթակում։
Փաստաթղթի համաձայն, պարզեցված ընթացակարգով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմելու իրավունք տրվում է Ուկրաինայի քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող այն անձանց, որոնք ՌԴ-ում ունեն մշտական բնակության թույլտվություն , կացության թույլտվություն, փախստականի վկայագիր, ժամանակավոր ապաստանի վկայական կամ Ռուսաստանում հայրենակիցների կամավոր վերաբնակեցման պետական հավաստագիր:
Մասնավորապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու պարզեցված իրավունք ունեն Ղրիմի տարածքում ծնված և մշտապես այնտեղ բնակվող ուկրաինացիները և մինչև 2014 թ. մարտի 18-ի անեքսիան թերակղզին լքած անձինք։









































