Մարտի 1-ի գործը ուղարկվել է դատարան, հրապարակվել է այդ գործով դատախազության մեղադրական եզրակացությունը, քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին: Հայաստանում առաջին անգամ ամբաստանյալի աթոռին նստելու է երկրի նախկին նախագահը, ինչը բացառիկ է ոչ միայն մեր երկրում, այլ նաև հետխորհրդային տարածքում: Շատերը նշում են, որ դատական համակարգում շատերը վախենում են այս գործով զբաղվել. ինչո՞ւ: «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան՝ Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը նշեց. «Այսօրվա մեր դատարանը կաշկանդված է նախկին իշխանություններից, որովհետև այդ դատավորները նշանակվել են նախկին իշխանությունների կողմից»: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ այդ գործը «շատ պատասխանատվություն և գերազանց գիտելիքներ պահանջող գործ է: Դատավարական իրավունքին տիրապետելու, պրոցեսուալ իրավունքը փայլուն իմանալու խնդիր կա, և ես չգիտեմ՝ մեր դատավորների մեջ որքան կան, որ շատ վստահ են իրենց գիտելիքների և ոչ միայն գիտելիքների, այլև դատարանը «պահելու» կարողության առումով. սա նաև մարդու անհատականության հետ է կապված: Պատկերացրեք՝ ինչ լրատվամիջոցներ են լինելու, Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից, թող ներվի ասել, ինչ ագրեսիվ պահվածք կա… Եվ որևէ դատավորի համար դժվար է պատկերացնել՝ ինքը տիրապետելո՞ւ է արդյոք հենց դահլիճին կարգի հրավիրելու խնդրին»:
Ա.Խաչատրյանի կարծիքով՝ շատ կարևոր էր, և լավ է, որ այդպես է, որ դատավորը 2008 թ. աշխատած չլինի դատավոր, և այս դատավորի դեպքում այս շատ կարևոր պայմանը լուծված է:
Մարտի 1-ի գործը նաև քաղաքական բաղադրիչ ունի, և այս գործի դատաքննությունը կարո՞ղ է ինդիկատոր լինել Հայաստանի ինքնիշխանության, դատական համակարգի անկախության վերաբերյալ. «Առաջին լրատվական»-ի հյուրերը պատասխանում են նաև այս և այլ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում։









































