Վերականգնման բնագավառի հազարից ավելի ճարտարապետներ, պրոֆեսորներ եւ փորձագետներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հորդորել են «զգուշություն հանդես բերել» հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման հարցում: Այդ մասին գրել Է Figaro հրատարակությունը:
Ֆրանսիական թերթը հանրապետության նախագահին հասցեագրված նամակը հրապարակել Է այն մասին նրա հայտարարությունից հետո, թե տաճարը կվերականգնվի հինգ տարում: Նամակի տակ ստորագրել Է 1170 փորձագետ:

Նման արագ վերակառուցման վերաբերյալ նախագահի խոսքը «զարմանք եւ խորն անհանգստություն են առաջացրել ամբողջ աշխարհում պատմական ժառանգության պահպանման մասնագետների շրջանում», նշում Է թերթը:
«Մենք գիտենք, որ քաղաքական օրացույցը հարկադրում Է գործելու արագ, մենք գիտենք, թե ինչպես Է կրակի ճարակ դարձած Նոտր Դամի տեսքն ազդում Ֆրանսիայի կերպարանքի վրա: Այդուամենայնիվ, մոտ ապագայում Նոտր Դամի ճակատագրի կարեւորությունը մեզ բոլորիս պարտավորեցնում Է փակելու աչքերը ինչ-ինչ ժամկետների վրա: Այդ աշխատանքների կարեւորությունը շատ ավելի վեր Է ամեն տեսակ քաղաքական մանդատներից, եւ ապագա սերունդները մեզ կդատեն հենց այդ աշխատանքների արդյունքներով»,- ասված Է նախագահին հղված նամակում:

Վերականգնման բնագավառի մասնագետներն իշխանություններին հորդորում են չշտապել տաճարի վերականգնման աշխատանքներն սկսելու հարցում եւ բավականաչափ ժամանակ տրամադրել արատորոշմանն ու փորձագիտական գնահատմանը։









































