Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընտրության հարցը: Վարչապետը այդ պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ելույթից առաջ հորդորեց դասեր չտալ ընդդիմությանը, թե՝ ինչ և ինչպես պետք է անել. «Մենք անում ենք այն, ինչ հարմար և ճիշտ ենք համարում»:
«Հայաստանում ազդարարվել է տնտեսական հեղափոխություն և մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ պայքար: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք՝ այդ գործում առանցքային նշանակություն ունի այս հանձնաժողովը»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ Հայաստանն այսօր էլ ապրում է մենաշնորհների պայմաններում:
Պատգամավորի խոսքով՝ շատ տնտեսվարողներ նախկին համակարգի պայմաններում կարողացել են թղթերով մրցակցության հնարավորություն ստեղծել՝ իրականում շուկայում մնալով գերիշխող. «Ահա այս հարցերը պետք է կարողանա լուծել ՏՄՊՊՀ-ն՝ նոր Հայաստանում: Իսկ ինչպե՞ս է պատրաստվում պայքարել 4 վարչապետների շրջանում տարբեր պաշտոններ զբաղեցրած Գեղամ Գևորգյանը այն մենաշնորհների դեմ, որոնք առկա են դե ֆակտո, սակայն գոյություն չունեն դե յուրե»:
Նա հարց բարձրացրեց՝ ինչպե՞ս ենք մենք պոտենցիալ ներդրողներին դրական ուղերձ հղելու, թե փակվել է շաբոյանական կամ հանրապետական էջը:
Արման Բաբաջանյանն ընդգծեց՝ շատ կասկածելի է, որ պարոն Գևորգյանի պաշտոնավարումը կարող է արդյունավետ լինել այս կարևոր հանձնաժողովում՝ ապահովելու համար ազատ մրցակցային պայմաններ տնտեսվարողների և պոտենցիալ ներդրողների համար:
Նա «Իմ քայլի» պատգամավորներին հորդորեց սպասել, որ պարոն Գևորգյանը բավարար փաստաթղթերը ներկայացնելուց հետո դիտարկվի նախ որպես թեկնածու, հետո նոր քննարկվի թեկնածուի հարցը. «Եթե պարզվի, որ բավարար չէ պարոն Գևորգյանի ստաժը, դա շատ մեծ խնդիրներ կարող են առաջանալ հետագայում այս հանձնաժողովի կենսագործունեության համար. տնտեսվարողը կարող է այս հանձնաժողովի որոշումը վիճարկել դատարանում: Ուստի ի սկզբանե պետք է վերացնենք բոլոր խութերը»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































