Երեք տարվա ընթացքում Սիրիայում զանգվածային վայրագությունները կանխելու ՄԱԿ-ի անկարողությունը խայտառակում է միջազգային հանրության պատիվը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ Ռուանդայի ցեղասպանության 20-րդ տարելիցին նվիրված հուշ-հանդիպմանը, որն անցկացվել է համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Սիրիայում գազանությունները երեք տարվա ընթացքում կանխելու մեր հավաքական անկարողությունը ամոթալի մեղադրանք է միջազգային հանրության հասցեին»,- ասել է Պան Գի Մունը:
Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության միջև զինված պայքարը շարունակվում է 2011-ի մարտից: Զոհերի հստակ թիվը հայտնի չէ:







































