ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինային 1 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Քերիի փոխանցմամբ՝ խոսքը այդ գումարի չափով վարկային երաշխիքների մասին է:
Պետքարտուղարը նշել է, որ այդ առնչությամբ դեռևս ոչ մի որոշում չի ընդունվել: Ներկայում այդ հարցը քննարկվում է նախագահի վարչակազմում՝ ասել է նա:
Քերին հայտնել է, որ ԵՄ-ն դիտարկում է Ուկրաինային 1.5 մլրդ դոլարի չափով օգնության հատկացման հնարավորությունը:
Քերին նաև նախազգուշացրել է, որ Ռուսաստանի ռազմական ներխուժումն Ուկրաինա լուրջ սխալ կլինի՝ հիշեցնելով, որ հենց Ռուսաստանն է ամենից հաճախ դեմ հանդես գալիս օտարերկրյա ներխուժումներին:









































