ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում բժիշկները ինն ամիս խնամել են երեխային, որը ծնվելուց հետո մոտ 300 գրամ է կշռել: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Անոմալ փոքրիկ երեխան՝ Քոնոր Ֆլորիոն ծնվել է 2018թ.-ի հուլիսի 13-ին: Բժիշկները երեխայի մոտ շնչառական դժվարություններ, ուղեղում արնազեղում, արյան մեջ շաքարի մակարդակի հետ կապված խնդիրներ և աչքի հիվանդություն են հայտնաբերել: Երկու հիվանդանոցների բժիշկներն ինն ամսվա ընթացքում մշտադիտարկել են երեխային և արդյունքում նրան տուն ուղարկել: Հիմա Քոնորը 2.7 կիլոգրամ է կշռում:
«Ես չէի կարողանում հավատալ, որ նրան դուրս են գրել: Ես դա հասկացա միայն այն ժամանակ, երբ մենք նրան տեղավորեցինք մեքենայում և տուն տարանք»,- ասել է երեխայի մայրը՝ Ջեյմի Ֆլորիոն: 29-ամյա կինը նաև նշել է, որ տղան սիրում է խաղալիքներով խաղալ, իրեն հայելու մեջ նայել, դիտել մարդկանց և լոգանք ընդունել:
Բուժող բժիշկը եզրակացրել է, որ Քոնորի առողջությունը գրեթե վերականգնվել է, և տղան շուտով ինքնուրույն կշնչի՝ առանց թթվածնի դիմակի: «Քոնորը շատ աշխույժ և ժպտերես երեխա է: Երևում է, որ նա ակտիվ զարգանում է»,- հավելել է բժիշկը:










































