Ատոմակայանի աշխատակիցներին չեն ստիպել ֆոնդեր ընտրել, վերջիններս էլ չեն ընտրել ու չեն էլ ընտրելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀԱԷԿ աշխատակիցներից մեկը նշեց, որ իրենք դեմ են օրենքին, այլընտրանքային տարբերակներն էլ իրենց համար ընդունելի չեն:
«Անձամբ ինձ ու իմ մտերիմներին հաստատ չեն ստիպել ֆոնդեր ընտրել, ու ասեմ ավելին՝ մեզ ստիպել հնարավոր չէ: Մենք մեր տնօրենի հետ հաճախ ենք հանդիպում, տարբերակներ միշտ էլ առաջարկվում են, թույլ տվեք փակագծերը չբացել դեռ: Մենք դեմ ենք եղել օրենքին ու շարունակում ենք դեմ լինել, անգամ ցանկացած առաջարկի դեպքում»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե անգամ օրենքի սահմանադրականությունը «դավադրաբար» ապացուցվի, միևնույն է՝ իրենց կարծիքը չի փոխվի:
ՀԱԷԿ աշխատակիցը նշեց, որ իրենց չեն ճնշում, չեն սաստում, ու ոչ մի «պատժամիջոց» չի կիրառվում, իրենք հասուն մարդիկ են, բոլորը գրագետ, իրենց աշխատանքի մասնագետներ: Ըստ աշխատակցի՝ ՀԱԷԿ ղեկավարությունը շատերից ոչ պակաս է հասկանում իրավիճակը: «Բայց իր ձեռքում ի՞նչ կա: Նա չի ընդունել օրենքը, նա էլ մեզ նման ունի իր ղեկավարները, որոնք էլ «հարգարժան» կառավարության անդամներն են»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք ղեկավարության դեմ ոչինչ չունեն. իրենց պայքարն օրենքի ու նման հակասահմանադրական օրենքներն առաջարկող, հաշվարկող ու ընդունողների դեմ է:
Նա նաև կարծիք հայտնեց, որ գործընկերներից ֆոնդեր ընտրողներ չեն եղել, եթե անգամ ընտրել են, ինքը տեղյակ չէ: «Գուցե ինչ-որ մեկը ընտրել է, ու որևէ մեկը տեղյակ չէ՝ վստահ չեմ կարող ասել. գյուղ չկա, որ շուն չլինի»,- ասաց նա:
ՀԱԷԿ մեկ այլ աշխատակից նույնպես նշեց, որ որևէ առաջարկ, քննարկում չի եղել, «սպառնալիքներ» չեն եղել. ամեն ինչ իր հունով ընթանում է, ատոմակայանը շահագործվում է: Նա հայտնեց, որ իրենք սպասում են ՄԻՊ գրասենյակին իրենց ուղղած դիմում-բողոքի արդյունքների ընթացքին: «Մինչև մարտի 28-ը կսպասենք, բայց դեռ ֆոնդեր չենք ընտրել ու չենք ընտրելու՝ ոչ մի դեպքում»,- ասաց նա:
ՀԱԷԿ-ի աշխատակիցներից մեկն էլ ասաց, որ ֆոնդեր ընտրելու պարտադրանքի մասին տեղեկություն չունի՝ չեն ստիպել. եթե նման բան լիներ, կիմանային: Հետաքրքրվեցինք` արդյոք ղեկավարության կողմից հարցի լուծման այլընտրանքային տարբերակներ առաջարկվե՞լ են իրենց, ի պատասխան՝ նա նշեց, որ վերջին օրերին նման խոսակցություն կար, որովհետև իրենք փորձում են ինչ-որ բան անել, բայց դեռ ասել, որ կոնկրետ բաներ կան՝ սուտ կլինի:
«Ամեն բաժանում առանձին է մոտենում այս հարցին: Դեռ որևէ հստակ բան չկա, կոնկրետ չեմ կարող պատասխանել: ՄԻՊ-ից նորություն դեռ չկա, սպասելու ենք մեր նամակի արդյունքներին, բայց դե, անկասկած, մարտի 28-ն ավելի ռեալ է՝ ամեն ինչ պատկերացնելու համար: Ինչ վերաբերում է ՄԻՊ-ին, ապա պիտի ասեմ՝ բոլորս էլ նրանից ինչ-որ ակտիվ մասնակցություն չենք ակնկալում, սպասելիքները միայն այն են, որ նա արձագանքի և ասի, որ իրոք տեղի է ունեցել մարդու իրավունքների, օրենքի խախտում: Կարծում եմ՝ շատերը դրան են սպասում, չգիտեմ՝ գուցե ավելին սպասողներ էլ կան, բայց կոնկրետ ես դրան եմ սպասում»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ ՄԻՊ լիազորությունները համեմատաբար ավելին են, այն կարող է ազդեցություն ունենալ:
Ատոմակայանի աշխատակիցները փետրվարի 18-ին Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարի շրջանակներում դիմում-բողոք են հանձնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պահանջելով պաշտպանել իրենց իրավունքները: Կենսաթոշակային նոր համակարգը վերաբերում է ՀԱԷԿ աշխատակիցների մեկ երրորդին՝ 1800-ից 600-ին: Աշխատակիցների խոսքով՝ այս ամիս արդեն իսկ իրենց աշխատավարձերից պահումներ արվել են: Աշխատավարձի չափով պայմանավորված՝ պահված գումարը կազմել է 25-65 հազար դրամ:









































