Լուրեր
Փաշինյանին ԵԽԽՎ-ում հարց են ուղղել Հայաստանում ԼԳԲՏ համայնքի իրավունքների մասին
  • 20:35
  • 2019-04-11
  • Դիտումներ՝ *

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին.

Հարց – Պարոն վարչապետ, անցյալ տարվա նոյեմբերին Երևանում նախատեսվում էր անցկացնել կրոնական փոքրամասնությունների և ԼԳԲՏ հանրության համաժողով: Սակայն դա տեղի չունեցավ հանրային կարծիքի, այդ թվում քաղաքական գործիչների ճնշման պատճառով, որոնք մտահոգություն էին հայտնում մասնակիցների անվտանգության վերաբերյալ: Դա վկայում է ԼԳԲՏ անձանց իրավունքների լուրջ խախտումների մասին, ովքեր Հայաստանում զրկված են նույնիսկ իրենց տարրական իրավունքներն իրագործելու հնարավորությունից: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ձեր կառավարությունն այդ ուղղությամբ:

Ինչ վերաբերվում է ԼԳԲՏ հանրությանը՝ ես ասացի, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայություն է, Հայաստանում բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքները և պարտավորությունները: Ես Ձեր ասած դեպքի մասին լսել եմ, գիտեմ, բայց անկեղծ ասած չեմ կարող նշել պատճառները, թե ինչու է նման միջոցառումը չեղարկվել, ինչու է պլանավորվել, երբ է պլանավորվել և դա ինչ միջոցառում է: Ես այդ խնդրին անկեղծ ասած տեղյակ եմ միայն սոցիալական ցանցերում արված մեկ, երկու գրառման շրջանակներում և բավարար խորությամբ չեմ տիրապետում, որպեսզի Ձեզ առավել մանրամասն պատասխան տամ: Շնորհակալ եմ:

  • Դիտումներ՝ *