Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում

Եվրոպայի խորհրդի խորհրդարա­նական վեհաժողովի հարգելի տիկին նախագահ,

Եվրոպայի խորհրդի հարգելի պարոն գլխավոր քարտուղար,

Եվրոպայի խորհրդի խորհրդարա­նական վեհաժողովի հարգելի պատգա­մավորներ.

Ընդունված պրակտիկա է, երբ այս ամբիոնից ելույթ ունեցող բարձրաստիճան հյուրերը իրենց խոսքը սկսում են հետևյալ նախադասությամբ. «Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայի խորհրդի խորհր­դարա­նական վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալը»: Սա իսկապես մեծ պատիվ է, բայց թույլ տվեք ասել, որ այս ամբիոնից ելույթ ունենալը ինձ համար ունի առանձնահատուկ իմաստ և նշանակություն:

Հիմա փորձեմ բացատրել, թե ինչու:

1999 թվականի ամռանը, լինելով «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր ես սպասում էի իմ դեմ հարուցված քրեական գործի դատավճռին: Քրեական գործի հարուցման առիթը իմ խմբագրած թերթում լույս տեսած մի հրապարակում էր:

Դատախազը պահանջել էր ինձ դատապարտել 3 տարվա ազատազրկման և բանտ ուղարկել: Այդ ժամանակներում գրեթե անհնար էր, որ դատարանը դատախազի ասածից շեղվի: Բայց այդ օրերին հրաշքի նման մի բան տեղի ունեցավ և դատարանը ինձ դատապարտելով մեկ տարվա ազատազրկման, դա արեց այնպես, որ իմ բանտում հայտնվելը որոշակիորեն հետաձգվի:

Հետո պարզվեց, որ սրա պատճառը մեկն է. Հայաստանը այդ օրերին պատրաստվում էր ԵԽ անդամ դառնալ և անդամակցության հետ կապված հարցերը քննարկելու համար Հայաստան էր այցելելու ԵԽԽՎ նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը և այն ժամանակվա իշխանությունները հասկացել էին, որ խմբագրին բանտ ուղարկելը այնքան էլ լավ ֆոն չէ նման պաշտոնյայի այցի համար:

Ռասսել Ջոնսթոնը իր այցի ընթացքում անդրադարձել էր իմ խնդրին և թերևս իշխանությունները խոստացել էին, որ ինձ բանտ չեն ուղարկի:

Այդպես էլ եղավ. Ջոնսթոնի այցից հետո իմ դատավճիռը դարձավ պայմանական և ԵԽ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի շնորհիվ 1999-2000 թվականներին ես չհայտնվեցի բանտում:

Ու չնայած դրանից հետո մի քանի անգամ իմ դեմ քրեական վարույթ սկսվեց, իմ բանտում հայտնվելը բավականին հետաձգվեց և տեղի ունեցավ միայն 2008 թվականի Մարտի 1-ի հայտնի իրադարձու­թյուններից հետո, երբ իշխանության ապօրինի գործողությունների արդյունքում զոհվեց Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացի, որոնցից ութը խաղաղ ցուցարարներ: Այդ ժամանակ հազարավոր ընդդիմադիրներ ոստիկանու­թյան բաժին­ներ էին տարվում՝ միայն ցույցի մասնակից լինելու համար:

Իսկ մոտ հարյուր քաղաքական լիդերներ որպես քաղբանտարկյալ հայտ­նվեցին բանտերում:

Հավաքներ անելու իրավունքից զրկված, բանտում հայտնված քաղաքական գործիչների ու նրանց հարազատների, Մարտի 1-ի զոհերի հարազատների միակ հույսն ու ապավենը այդ ժամանակներում Եվրոպայի Խորհուրդն էր, Եվրոպայի Խորհրդի խորհր­դարանական վեհաժողո­վը, որովհետև Մարտի 1-ից հետո Սահմանա­դրությունն ըստ էության չեղարկվել էր Հայաստանի Հանրապետու­թյունում, և մարդիկ չունեին պաշտպանու­թյան ոչ մի հուսալի իրավական երաշխիք, ոչ մի հույս:

Եվ այդ դեպքերին առնչությամբ ԵԽԽՎ ընդունած 5 բանաձևերը թարմ օդի նման փոխում էին Հայաստանի մթնոլորտը, մարդկանց հույս տալով, որ ամեն ինչ չէ, որ կորած է: 2009 թվականից կալանքի տակ լինելով և 2010 թվականին դատա­պարտված լինելով 7 տարվա ազատա­զրկման, ես ընդամենը երկու տարի անցկացրի բանտում և ազատության մեջ հայտնվեցի Հայաստանի Հանրապետու­թյան քաղաքացիների, բայց նաև Եվրոպայի Խորհրդի աջակցության շնորհիվ:

2011 թվականի ձմռանը բանտում ինձ այցելեց ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը և դա շատ կարևոր էր Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի և իմ խնդրի վրա միջազգային ուշադրություն սևեռելու առումով:

Շատ չանցած՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը իմ գործը ճանաչեց անհետաձգելի, որից երկու ամիս անց այն ժամանակվա իշխանություններն ինձ ազատ արձակեցին համաներման ակտով, հասկանալով, որ Եվրոպայի Խորհուրդը հաջորդ քայլով ինձ պաշտոնապես հայտարարելու է քաղ­բանտարկյալ, խղճի կալանավոր:

ԵԽ-ի և ԵԽԽՎ-ի հետ իմ հարաբերությունների հաջորդ փուլը 2018 թվականի դեկտեմբերն էր: Այդ ժամանակ արդեն ես Հայաստանի վարչապետն էի, և այդ կարգավիճակին հասել էի նույն թվականի ապրիլի-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում և որպես հեղափոխության հերթական հանգրվան երկրում տեղի էին ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Այդ ընտրություններում մեր քաղաքա­կան ուժը ստացավ ավելի քան 70 տոկոս ձայն, բայց կարևորը ոչ թե սա է, այլ այն, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելու­թյունը տեղի ունեցած ընտրու­թյուն­ները որակեց որպես ժողովրդավարական:

Մեջբերում եմ ԵԽԽՎ դիտորդական առաքելության գնահատականից «Թավշա հեղափոխության, ինչպես նաև իշխանու­թյունների քաղաքական կամքի դրսևորման շնորհիվ հնարավոր եղավ Հայաստանում անցկացնել ժողովրդա­վարական ընտրություններ» (մեջբերման ավարտ):

Միջազգային մյուս դիտորդական առաքելությունները նույնպես դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարա­նական ընտրությունները ճանաչեցին որպես ազատ, արդար, ժողովրդա­վարական և մրցակցային և Հայաստանում տեղի ունեցած որևէ ընտրություն նախկինում նման գնահատականի երբևէ չէր արժանացել:

Սա մեր երկրում տեղի ունեցած առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարա­նում և առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնց արդյունքները անառարկելիորեն ընդունեցին բոլոր քաղաքական ուժերն ու հանրությունը:

Եվ հիմա, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ուզում եմ այս ամբիոնից շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ Հայաստանում Մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացմանը ցուցաբերած աջակցության համար:

Հայաստանում այսօր ժողովրդա­վարությունը հաղթել է  և դա տեղի է ունեցել նախորդ տարվա այս օրերին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շնորհիվ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ հեղափոխությունը ծնվել է հայ ժողովրդի հոգում և սրտում և չի եղել ոչ մի օտարերկրյա ուժ, որ որևէ կերպ ներգրավված լինի մեր հեղափոխության մեջ: Մեր հեղափոխությունը չի ունեցել ոչ մի աշխարհաքաղաքական բովանդակություն, ոչ մի աշխարհաքաղաքական ենթատեքստ:

Բայց ինչպե՞ս ուրեմն այս հեղափոխությունը տեղի ունեցավ, ինչպե՞ս հաջողության հասավ: 2015 թվականին Հայաստանի այն ժամանակվա փաստացի ղեկավար Սերժ Սարգսյանը իր նախագահական երկրորդ ժամկետի ավարտին նախաձեռնեց սահմանա­դրական փոփոխություններ, որոնց արդյունքում Հայաստանը կառավարման կիսանախագահական ձևից 2018 թվականի ապրիլին պետք է անցում կատարեր խորհրդարանական համա­կարգի:

Երբ այս սահմանադրական փոփոխու­թյուն­ները նախաձեռնում էր, հրապարակային խոստացավ, որ այլևս երբեք չի հավակնելու ՀՀ ղեկավարի, տվյալ դեպքում՝ վարչապետի պաշտոնին: Բայց 2018-ին պարզվեց, որ նա է իշխող մեծամասնության վարչապետի թեկնածուն և դա իմանալով ես իմ ընկերների հետ 2018 թվականի մայիսի 31-ին քայլարշավ սկսեցի Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիից՝ դեպի մայրաքաղաք Երևան՝ ՀՀ քաղաքացիներին կոչ անելով կանխել Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական խաբեության իրականացումը:

Մենք 13 օր քայլեցինք՝ ավելի քան 200 կիլոմետր, այդ ողջ գործընթացը լուսա­բանելով սոցիալական ցանցերի ուղիղ եթերում: և մայրաքաղաք Երևանում նախ մեր շարժմանը միացան բազմաթիվ դպրոցականներ՝ տղաներ և աղջիկներ, հետո նրանց ետևից եկան նրանց ավագ եղբայրները և քույրերը, հետո նրանց ետևից եկան մայրիկները և հայրիկները, ապա տատիկները և պապիկները:

Եվ չնայած 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը խորհրդարանի կողմից վարչապետ ընտրվեց իսկ ապրիլի 22-ին ես կրկին բանտում հայտնվեցի, հաջորդ իսկ օրը Սերժ Սարգսյանը ստիպված էր ինձ ու իմ ընկերներին ազատ արձակել և հրաժարական տալ: Իսկ դրանից 15 օր անց, 2018 թվականի մայիսի 8-ին այդ նույն խորհրդարանը ինձ ընտրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև դա էր պահանջում ողջ հայ հանրությունը:

Ահա այսպես տեղի ունեցավ մեր հեղափոխությունը, որը մենք անվանում ենք Սիրո և համերաշխության հեղափոխում­թյուն, որովհետև այն ի սկզբանե հիմնված է եղել ոչ բռնի պայքարի տրամաբանության վրա:

Վեր պարզած բաց ձեռքերը մեր հեղափոխության սիմվոլն էր: և դա նշանավորում էր մեր բազմիցս արած հայտարարությունն այն մասին, որ եթե նույնիսկ ոստիկանությունն ու նախկին կառավարության ներկայացուցիչներ մեր նկատմամբ բռնություն գործադրեն, մենք այդ բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու:

Եվ սերը, ոչ բռնի պայքարի գաղափարը իսկապես հաղթեց՝ Հայաստանում երկար տարիներ իշխած օլիգարխիական, կոռուպցիոն համակարգին: Հաղթեց առանց որևէ բռնության, հաղթեց առանց որևէ զոհի, հաղթեց առանց որևէ զենքի: Վեր բարձրացրած բաց ձեռքերով:

Սիրելի բարեկամներ.

Այսօր իսկապես Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություն­ներ են տեղի ունենում: Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել:

Մենք ամենօրյա ռեժիմով կրճատում ենք ստվերային տնտեսությունը. վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել և ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ: Մեր բյուջեի եկամտային մասի լրջագույն գերակա­տարում­ներ են արձանագրվել և մենք մտադիր ենք 2019 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարել շուրջ 80 միլիոն դոլարով:

Այս հավելյալ գումարները կծառայեն ճանապարհների կառուցմանը, կրթական և առողջապահական ներդրումներին, տարածքա­յին համաչափ զարգացմանը և աշխատա­վարձեր կբարձրացվեն: Մեր կառա­­վարության գործունեությունը թափան­ցիկ է և հաշվետվողական և մեր իշխանությունը բխում է մեր ժողովրդի ազատ կամարտահայտությունից:

Հայաստանն այսօր միարժեքորեն ժողովրդավարական երկիր է, խոսքի և հավաքների կատարյալ ազատությամբ: Ընտրությունների կեղծման, համա­կարգային կոռուպցիայի էջը մեր երկրում փակված է անշրջելիորեն, մեր կառավարու­թյունը միջոցներ է ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանության մակար­դակը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ:

Բայց մեր ժողովրդավարությունը ուժեղանալու, տնտեսապես և ինստիտուցիոնալ երաշխիքների անհրա­ժեշտու­թյուն ունի: Ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, անկախ դատական համակարգի կայացումը, հակակոռուպցիոն ինստիտուտների հիմնադրումն ու ուժեղացումը այն առանցքային ոլորտներն են, որտեղ մենք ԵԽ-ի աջակցության կարիքն ունենք:

Այս ամենը կարևոր է ոչ միայն քաղաքական հեղափոխության արդյունք­ներն ամրագրելու այլև մեր սկսած նոր՝ տնտեսական հեղափոխությունը բարեհա­ջող ավարտին հասցնելու համար:

Մեր ձեռնարկած տնտեսական հեղափոխության առանցքային նպատակն ու իմաստը մեր քաղաքացիներին տնտեսական գործունեու­թյան քաջալերելն է, նրանց համար իրական հնարավորու­թյուններ ստեղծելը, Հայաստանը ներդրում­ների և զբոսաշրջության համար առավել գրավիչ դարձնելը և մեր երկիրը տեխնո­լո­գիական առաջամարտիկի վերածելը:

Եվ մենք համոզված ենք, որ հաջողելու ենք այս դժվարին առաքելության մեջ, որովհետև մեր ժողովուրդը վերգտել է վստահությունը սեփական ուժերի և սեփական ապագայի նկատմամբ:

Հարգելի ներկաներ.

Լեռնային Ղարաբաղի հակամարտու­թյունը շարունակում է կարևորագույն մարտահրավեր մնալ Հայաստանի Հանրապետության և ընդհանրապես մեր տարածաշրջանի համար: Ինչպես ցանկացած ժողովրդավարական կառա­վարու­թյուն, Հայաստանի կառավարու­թյունը նվիրված է հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին:

Բայց մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները նոր երանգներ են բերել նաև հարցի կարգավորման մեր պատկերացումների մեջ:

Իհարկե, չափազանց կարևոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք կարողացել ենք բավական կառուցողական և դրական երկխոսություն սկսել, բայց համոզված եմ, որ միայն ղեկավարների միջև երկխոսությունը բավարար չէ հարցը կարգավորելու համար:        Շատ կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի նաև հանրությունների միջև, որ մենք մեր հանրություններին պատրաստենք խաղաղության և ոչ թե պատերազմի:

Վերջես Երևանում տեղի ունեցած ասուլիսում ես հայտարարեցի, որ նման երկխոսության կարևորագույն հարթակ կարող են լինել սոցիալական ցանցերը, ուր հայերն ու ադրբեջանցիները, ցավոք, առայժմ շփվում են հայհոյանքների և ատելության լեզվով:

Հակամարտության երեսուն տարիների ընթացքում մենք կարծես պիտի սպառած լինեինք ատելության ու հայհոյանքի բառերը և պիտի իրար օգնեին հասկանալ միմյանց դիրքորոշումները, պիտի փորձեինք գտնել այն պատճառները, որոնք մեզ թույլ չեն տալիս լինել իրար հասկանալի:

Նման խոսակցություն սկսել եմ ես ինքս, մի քանի անգամ Հայաստանի խորհրդա­րանի ամբիոնից հայտարարելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար:

Սա մեր իրականության մեջ աննախա­դեպ հայտարարություն է և ըստ էության, այն բանաձևն է, որ հնարավորություն կտա հասնել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Ցավոք՝ մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից և ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձը Ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք:

Սիրելի ներկաներ.

Պատահական չէ, որ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի այս ամբիոնը ես անվանեցի խաղաղության ամբիոն: Հավատում եմ, որ սա այն տեղն է, որտեղ հայհոյանքը պետք է փոխարինվի երկխոսությամբ, սադրանքը պետք է փոխարինվի կառուցողական աշխատանքով:    Բայց ցավոք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնը երբեմն օգտագործվում է նաև պատերազմներ հրահրելու համար:

Այս առումով չեմ կարող չնկատել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված Չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան և բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար:

Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց այնուամենայնիվ այդ քննարկումների և փաստաթղթերի հեղի­նակ­ները պատերազմի հրձիգ դարձան, որը մի քանի հարյուր կյանքեր արժեցավ թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի, թե Ադրբեջանի համար:

Այսօր էլ ցավոք՝ ինչպես միջազգային այլ հարթակներում, այնպես էլ ԵԽԽՎ-ում մենք տեսնում ենք այդ կառույցները աշխարհքաղաքական խաղերի, կոնֆլիկտ­ների մեջ ներքաշելու, հակամարտության կողմ դարձնելու փորձեր, ինչը բացարձակապես հակառակ է այդ կազմակերպությունների էությանն ու առաքելությանը:

Հարկ է հիշել նաև, որ կոնֆլիկտները պետք է դիտարկել ամեն մեկն իր էության և բովանդակության մեջ և որևէ կոնֆլիկտի մասին դատողություններ անել առանց նրա ծագումը, պատճառները, էությունն ու առանձնահատկությունները հասկանալու, նշանակում է պարզապես խաղալ մարդկային կյանքերի և մարդկային ճակատագրերի հետ:

Այս է պատճառը, որ մենք համարել և համարում ենք, որ Լեղնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով պիտի զբաղվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հակա­մարտու­թյան երեք կողմերի հետ, որովհետև միայն այս ֆորմատում է, որ տիրապետում են ոչ միայն հարցի այսօրվա վիճակին, այլև ողջ պատմությանը, բանակցային նրբություններին դրանց մեկնարկի օրից:

Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն է, որ հիմնադրվել է հակամարտության բոլոր կողմերի՝ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի երկխոսության հարթակ ձևավորելու համար և մենք այսօր միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում վերականգնվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև:

Սիրելի ներկաներ.

Ասվածն ամենևին չի նշանակում, թե ԵԽ-ն Ղարաբաղյան հակամարտության գոտում անելիք չունի: Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին:

ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության զարգացման համար:

Սրա բացատրությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հակասություններ, տարընթեր­ցում­ներ կան, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն:

Բայց խոսքը ԵԽԽՎ անելիքի առումով պետական կարգավիճակի մասին չէ: Եթե Լեռնային Ղարաբաղը դեռևս միջազգայ­նորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Մի՞թե մարդու իրավունքների պաշտ­պանության համաշխարհային առաջա­մարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է և ոչ թե իրական մարդը:

Եվ այս բարձր ամբիոնից ուզում եմ կոչ հղել Եվրոպայի խորհրդի և ընդհանրապես Եվրոպայի բոլոր այն կազմակերպու­թյուններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանությամբ, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմամբ:

Աջակցեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապն­դելու մարդու իրավունքները, օրենքի գերա­կայու­թյունն ու անկախ դատական համակարգը: Դրանից շահելու է Ղարաբաղի քաղաքացին՝ մարդը: Իսկ մարդն ավելին է քան որևէ փաստաթուղթ, քան որևէ քաղաքական կամ խմբային շահ, և ես հավատում եմ, որ Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կառաջնորդվի հենց այս արժեքներով:

Եվրոպայի խորհրդի խորհրդարա­նական վեհաժողովի հարգելի տիկին նախագահ,

Եվրոպայի խորհրդի հարգելի գլխավոր քարտուղար,

Եվրոպայի խորհրդի խորհրդարա­նա­կան վեհաժողովի հարգելի պատգամավոր­ներ.

Ինձ համար իսկապես շատ պատվաբեր էր և կարևոր հայկական «Սիրո և համերաշխության» հեղափոխության առաջին հոբելյանի առիթով այս ամբիոնից ելույթ ունենալը:

«Էկոնոմիստ» Հայաստանը ճանաչելով 2018 թվականի տարվա երկիր, հարցադրում էր արել, թե արդյո՞ք Հայաստանը կկարողանա զարգացնել 2018 թվականին արձանագրած հաջողություն­ները:

Պատիվ ունեմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է, անշրջելի է մի պարզ պատճառով. նրա հաղթանակը մեր երկրում ապահովել են ոչ թե քաղաքական լիդերները կամ ուժերը, այլ ժողովուրդը, քաղաքացին, երիտասարդությունը, որոնք այլևս գիտեն, որ իրենք են ամենայն առաջընթացի շարժիչ ուժը և հաստատ բաց չեն թողնի Հայաստանը ժողովրդա­վարության, օրինականության, թափանցի­կու­­թյան ու հանդուրժողականության փարոս դարձնելու այս բացառիկ հնարա­վորությունը:

Հայաստանը կարող է և կմնա լավ լուրերի աղբյուր՝ ժողովրդավարությանը հավատացող բոլոր մարդկանց համար:

Շնորհակալություն:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում