Կալիֆոռնիացի բժիշկները փորձում են պարզել վտանգավոր հիվանդության տեսակը, որը նահանգում վարակել է 5 երեխայի: Ստենֆորդի համալսարանի հետազոտողները հայտնել են, որ 2012-2013 թթ. նահանգում գրանցվել են առեղծվածային հիվանդության 5 դեպք, որոնց հետևանքով մասամբ կամ ամբողջովին անզգայացել են երեխաների ձեռքերն ու ոտքերը, ինչպես նաև դիտվել խնդիրներ՝ կապված շնչառության հետ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բժիշկ Քեյթ Վան Հարենի խոսքով՝ հիվանդությունը զարգանում է չափազանց արագ և առաջնային կարճատև փուլում գրիպ հիշեցնում, որից հետո տեղի է ունենում կաթված:
Հիվանդների քթի խոռոչից վերցված քսուքում հայտնաբերվել է էնտերովիրուս 68, որը դասվում է պոլիոմելիտի վիրուսի ընտանիքին:
Հիվանդացության դեպքերը գրանցվել են Կալիֆոռնիայի հյուսիսում: Տուժած երեխաները 2-16 տարեկան են: Բժիշկները հայտնել են, որ այդ վիրուսը նկատվել է նաև 20 մեծահասակների մոտ, սակայն այն չի հանգեցրել կաթվածի կամ որևէ այլ բարդության:
Հետազոտողներն իրենց աշխատանքի արդյունքները կհրապարակեն ապրիլի 26-ից մայիսի 3-ը Ֆիլադելֆիայում կայանալիք ամերիկացի նյարդաբանների ամենամյա ժողովի ժամանակ:









































