«Սպայկա» ընկերության հետ այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները միայն առաջին հայացքից են վերաբերում առանձին վերցրած այդ բիզնեսին։ Իրականում խնդիրը շատ ավելի խորքային է և շոշափում է հին ու նոր Հայաստանի տարբերությանը վերաբերող մի շարք հիմնարար ասպեկետների։
Հին Հայաստանում տասնամյակներ շարունակ բիզնեսը, հատկապես խոշոր բիզնեսը, գործել է քրեաօլիգարխիկ իշխանության սահմանած խաղի կանոններով, որոնք եղել են օրինական կանոններին զուգահեռ կանոններ, եղել են ստվերային խաղի կանոններ, ենթադրել են ատկատներ, հովանավորչություն, փայաբաժիններ և այլն։ Այդ պայմաններում են բիզնեսները կայացել և գործել։ Ընդ որում, շատ դժվար է ասել՝ խոշոր բիզնեսների սեփականատերերի համար որքանո՞վ են դրանք եղել նախընտրելի խաղի կանոններ։ Նրանք, ըստ էության, զրկված են եղել այլընտրանքից։
Ավելի ճիշտ, այլընտրանքը՝ սպիտակ դաշտում գործելը, կարող էր արժենալ բիզնեսի գործունեության դադարեցում կամ կորուստ։ Այսինքն՝ խոշոր գործարարների մեծ մասը ստիպված է աշխատել նախկին կանոններով։
Բնականաբար, նոր Հայաստանը չէր կարող ապրել նախկին խաղի կանոններով, նորի էությունը հենց այն է, որ պետք է հաստատվեն ու գործեն նոր խաղի կանոններ, որոնք նույնական կլինեն օրենքի հետ։ Բայց այդ գործընթացը՝ նախկին կանոնները նոր կանոններով փոխարինելու գործընթացը, միանվագ ակտ չէ, դա բավական բարդ, բազմագործոն, համակարգային շատ շերտեր շոշափող պրոցես է։ Նոր իշխանությունը, սակայն, չի գնում այդ երկար, աշխատանք պահանջող ճանապարհով։ Նոր իշխանությունը ըստ էության պետության վարչական լծակը՝ մահակը, ձեռքին փորձում է խոշոր բիզնեսին միանգամից բերել սպիտակ դաշտ։ Առաջին հայացիքց դա նորմալ է ու օրինաչափ։ Սակայն նախկին կանոնները, նախկին համակարգը կազմված է եղել բազմաթիվ հարաբերություններից, աշխատանքի՝ նախկին կանոններին հարմարեցված նորմերից, որոնք միանգամից, մեկ օրում կամ մեկ քրեական գործով չեն կարող վերացվել։
Ի վերջո, այս հարցում բախվում ենք պետություն-բիզնես հարաբերությունների խնդրին։ Լայն իմաստով՝ բիզնեսի հետ հարաբերության հարցում պետությունն ունի երկու մեթոդ կամ գործիք՝ ռեպրեսիվ և խթանող մեթոդներ։ Այն, ինչ տեղի է ունենում «Սպայկայի» հետ, ռեպրեսիվ մեթոդի կիրառման արտահայտություն է։ Եվ խնդիրն այն չէ՝ «Սպայկան» իրականում խուսափե՞լ է իրեն վերագրվող հարկերից, թե՞ ոչ։ Եթե խուսափել է, ապա պետք է դրանք վճարի պետությանը մինչև վերջին լուման։ Լայն իմաստով՝ «Սպայկայի» ղեկավարությունը դրանից չի էլ հրաժարվում։ Բայց արդյոք ճի՞շտ է այն ճանապարհը, որով պետությունը փորձում է վերադարձնել չվճարված հարկերը։ Հազիվ թե, քանի որ այս ճանապահով կազմալուծվում է ոչ միայն Հայաստանի ամենախոշոր ընկերություններից մեկը, այլ նաև պետության համախառն ներքին արդյունքի մեջ ծանր տեսակարար կշիռ ունեցող գյուղատնտեսության համակարգը։
Եվ այստեղ բախվում ենք մեկ այլ կարևոր հարցի՝ արդյոք հարկերը պետություն-բիզնես հարաբերության տիրույթում պե՞տք է համարվեն գլխավոր նպատակ։ Հարկերն իհարկե կարևոր են, առանց դրանց չի կարող ապահովվել պետության բնականոն կենսագործունեությունը։ Սակայն հարկահավաքությունը պետք է լինի ոչ թե գերնպատակ, այլ տնտեսական զարգացման ածանցյալ։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ նոր իշխանությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարկահավաքությանը տալիս է առաջնային նշանակություն՝ Պետական եկամուտների գործունեությանը տրվող պարբերական գովասանքի խոսքերով։ Այսինքն՝ պետությունը գերնպատակ է հռչակել հնարավորինս շատ հարկերի հավաքագրումը, ինչը վնասում է պետության մյուս գործառույթին՝ տնտեսության խթանմանը։
Հայաստանի նոր իշխանության խնդիրը պետք է լինի բիզնեսին, առաջին հերթին՝ խոշոր բիզնեսին հնարավորինս սահուն, հնարավորինս անցնցում նախկին հանցավոր համակարգից, այլընտրանքային խաղի կանոնների դաշտից օրինական դաշտ բերելը։ Դա, կրկնում ենք, հեշտ և միանվագ գործընթաց չէ և պահանջում է երկարատև, հետևողական աշխատանք։ Դրա համար պետությունը, իշխանությունը պետք է ունենա հստակ ռազմավարություն, հայեցակարգ, ինչը մենք չենք տեսնում գործող իշխանության պարագայում։ Արդյունքում հին խաղի կանոններից դեռ ամբողջությամբ դուրս չեկած՝ բիզնեսը ըստ էության հայտնվում է վակուումային իրավիճակում, ինչի ականատեսն ենք մենք «Սպայկայի» պարագայում։ Ընդ որում, այս ճանապարհով բիզնեսի հետ հարաբերվելը կարող է ունենալ նաև այլ՝ արդեն քաղաքական հետևանքներ։ Նույն «Սպայկայի» աշխատակիցներն ու նրա հետ աշխատող գյուղացիները այսօր բողոքի ակցիաներ են իրականացնում, վաղը կարող են փողոցներ փակել։ Այն նույն մեթոդներով, ինչ մեկ տարի առաջ իշխանության է եկել Նիկոլ Փաշինյանը։










































