ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 5-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային, ով ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանում: Ինչպես տեղեկացրեցին Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի շուրջ յոթամյա դիվանագիտական գործունեությունը մեր երկրում` նշելով, որ նաեւ նրա աշխատանքի արդյունքն է հայ-չեխական սերտ համագործակցության այսօրվա մակարդակը: Վերջինիս վկայությունն են նաեւ ամենաբարձր մակարդակով իրականացված պարբերական փոխայցերը, առկա երկկողմ իրավապայմանագրային հարուստ հիմքը:
Արարատ Միրզոյանը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը տարբեր մակարդակներում եւ ձեւաչափերով: Նշվել է, որ եղած քաղաքական սերտ կապերն անհրաժեշտ է ամրապնդել նաեւ այլ, մասնավորապես` մշակութային ու տնտեսական ոլորտներում ակտիվ գործակցությամբ: Անդրադարձ է եղել հեղափոխությունից հետո Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:








































