Հանրապետական կոնգրեսական Ջիմ Հայմսի նախկին օգնական Էմմի Լապոսը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը անպատշաճ կերպով հպվել է իրեն՝ «քիթը դիպելով իր քթին», գրում է Hartford Courant պարբերականը։
Կնոջ խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել 2009-ին, ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Գրինվիչ քաղաքում միջոցներ հավաքելու ժամանակ։ Լապոսը նշում է, որ Բայդենի գործողությունները սեռական բնույթ չեն կրել։
«Նա ձեռքը դրեց պարանոցիս և ինձ դեպի իրեն ձգեց՝ քիթն իմ քթին հպելու համար։ Երբ նա ինձ դեպի իրեն ձգեց, ես կարծեցի, թե նա պատրաստվում է շուրթերս համբուրել»,-ասել կինը՝ հավելելով, որ այդ պահին իրեն շատ անհարմար է զգացել։

Էմի Լապոսը հայտարարել է, որ այդ ժամանակ բողոք չի ներկայացրել, քանի որ Բայդենը փոխնախագահի պաշտոն էր զբաղեցնում, իսկ ինքը «ոչ ոք էր»։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ջո Բայդենին ոտնձգությունների մեջ է մեղադրել Նևադա նահանգի վեհաժողովի նախկին անդամ Լյուսի Ֆլորեսը։









































