Իտալացի վիրաբույժ Սերջիո Կանավերոն և նրա չինացի գործընկեր Ժեն Սյաոպին հայտարարել են, որ իրենց հաջողվել է վերադարձնել ողնուղեղի ամբողջական ախտահարմամբ տառապող շների և կապկների շարժունակությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Surgical Neurology International ամսագրում։
«Վեց տարի շարունակ մեր եվրոպացի և ամերիկացի նյարդավիրաբույժների միությունների մեր գործընկերները համառորեն կարծում էին, որ վնասված ողնաշարը չի կարող բուժվել վիրաբուժական մեթոդներով: Մենք երեք հոդվածներ ենք հրապարակել շների և կապիկների վրա փորձերի մասին, որոնք հերքում են այս սխալ կարծիքը», – ասել է Ժեն Սյաոպինը։
2015 թվականի փետրվարի վերջին իտալացի վիրաբույժ Սերջիո Կանավերոն հայտարարել էր հավակնոտ HEAVEN / AHBR ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակներում նա պլանավորում էր փոխպատվաստել կամավորի գլուխը դոնոր մարմնին, ողնուղեղը գլխուղեղին միացնելով հատուկ գործողությամբ, որը նա կոչում է «GEMINI արձանագրություն»:
Ռուս ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովը, որը մկանային դիստրոֆիայի պատճառով գամված էր սայլակին, արձագանքել էր Կանավերոյի կոչին:
Չնայած գիտական համայնքի թերահավատությանը՝ Կանավերոն և նրա չինացի գործընկերը 2016 թ. վերջերին ցուցադրեցին փոխպատվաստված գլուխներով մկների և կապիկների։ Երկու տարի առաջ Կանավերոն հայտարարել էր, որ հաջողությամբ փոխպատվաստել է մեկ դիակի գլուխը մեկ այլ մահացած մարդու մարմնին։ Վիրահատությունը տևել է 18 ժամ։

Այդ փորձերը ցույց են տվել, որ այս տեխնիկան շատ արդյունավետ է եղել շների համար, առաջին դրական փոփոխությունները նրանց վերջույթներում հայտնվել են երրորդ օրվա ընթացքում: Հաջորդ վեց ամիսների ընթացքում նրանց վիճակը բարելավվել է՝ առանց հետազոտողների կողմից որևէ միջամտության, ընդ որում երկու դեպքերում շները սկսել են նույնքան լավ շարժվել, որքան վիրահատությունից առաջ։










































