Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը փոխելը և այն մզկիթի վերածելը պատասխան կլինի Իսրայելին և ԱՄՆ-ին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ տեղեկացնում է Anadolu գործակալությունը։
Տրաբզոնում անցկացված ցույցի ժամանակ երկրի նախագահը ասել է, որ «կվերադարձնի տաճարին մզկիթի իսկական կարգավիճակը» Թուրքիայում քաղաքային ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն մարտի 31-ին։
«Հիմա Թրամփը հայտարարում է, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է, Գոլանյան բարձունքները վերագրում է օկուպացնողներին։ Դուք պատասխան կստանաք Թուրքիայից»,- ասել է նա։
Սուրբ Սոֆիայի տաճարը քրիստոնեական եկեղեցուց մզկիթի էր վերածվել 15-րդ դարում թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո։ 1934 թվականին Քեմալ Աթաթուրքը կարգադրել է տաճարին թանգարանի կարգավիճակ տալ։