Մենք ցանկանում ենք համապատասխան PR արշավ անցկացնել և հրավիրել, ասենք, «Airbus» ընկերության «Science» բաժնին Հայաստան: Նախօրեին խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի, ինչպես նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գեղամ Վարդանյանը։ Նրա խոսքերով, եթե հաջողվի Հայաստան ներգրավել նման խոշոր ընկերությունների, ապա նրանք կկարողանան կիսվել անհավանական գիտատեխնիկական գիտելիքներով: «Բացի դրանից՝ մարդիկ, որոնք ի սկզբանե աշխատելու են այդ ընկերություններում, հետագայում կկարողանան հեռանալ այդտեղից և իրենց սեփական սթարթափերը բացել՝ հենվելով և օգտվելով այն փորձից, որը նրանք ստացել են նման խոշոր ընկերություններում աշխատելու ընթացքում»,- ասել էր փոխնախարարը:
Թեև երեկ որոշ լրատվամիջոցներում այս տեղեկությունը որակվեց որպես ֆանտաստիկայի ժանրից, սակայն նշենք, որ դեռևս այս տարվա փետրվարի 21-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանն ընդունել էր ֆրանսիական «Airbus» ընկերության ներկայացուցիչներ Ժաք Գարիգին և Ցեզար Սանչես Լոպեսին և քննարկել նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի արդյունքում մեկնարկած աշխատանքները։ Հանդիպման ընթացքում «Airbus»-ի ներկայացուցիչները Մանե Ադամյանին ներկայացրել էին տարբեր ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ կատարված քայլերը՝ մասնավորապես անդրադառնալով ավիացիայի, արտակարգ իրավիճակների, առողջապահության, մասնագիտական կրթության բնագավառներում իրականացվելիք ծրագրերին։ Դեռևս այդ ժամանակ տարածված հաղորդագրության համաձայն՝ քննարկված գաղափարներն ու առաջարկված ծրագրերն ամփոփելու և կյանքի կոչելու նպատակով «Airbus» ընկերության տարածաշրջանային ղեկավար պատվիրակությունը մարտի 4-6-ը պետք է այցելեր Հայաստան։
Քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ քիչ իրատեսական է, որ «Airbus»-ի ամեն մի օդանավը, նույնիսկ փոքր օդանավերը 40 միլիոն դոլար արժեն։ «Նման հայտարարությունը նշանակում է, որ ուզում են ստեղծել ավիաընկերություն, պայմանը դա է, բայց կառավարության ծրագրում չկա նման կետ, և ցանկություն էլ չկա։ Եվ եթե իրենք, որ գնում են «Ryanair» low-coster բերելու, ապա դա նշանակում է, որ ցանկություն չկա այստեղ ավիաընկերություն ստեղծելու։ Էս պարագայում էլ ինչ PR ակցիա, հանուն ինչի։ Պետք է գումար ծախսեն, մարդկանց բերեն, տանեն մեր եկեղեցիները ցույց տան։ Է, հետո։ Հայաստանի մասին ինտերնետում լիքը PR ակցիաներ, հոլովակներ կան, CNN էլ ունի նման PR ակցիաներ։ Նպատակը որն է։ Եթե իրապես ավիաընկերություն ենք ուզում ստեղծել, դա այլ նպատակ է, կարելի է «Airbus»-ին բերել, հետո օդանավեր ձեռք բերել թեկուզ ապառիկով։ Ժամանակին մենք նման պայմանավորվածություններ ունեինք «Boeing»-ի հետ։ Այն ժամանակ մենք շփվում էինք նաև «Airbus»-ի հետ, բայց «Airbus»-ը մեզ նման պայմաններ չտվեց, ինչպես «Boeing»-ը։ Ասեմ ավելին, «Airbus»-ն այստեղ եղել է, տեսել է ամեն ինչ, ամեն ինչ գիտի Հայաստանի շուկայի մասին»,- ասաց Պետրոսյանը։
Շահեն Պետրոսյանը իրատեսական չի համարում անգամ «Ryanair» low-coster-ի Հայաստան գալը, քանի որ դրա համար երկիրը որոշակի զեղչեր պետք է անի, ինչպես, օրինակ, անում է Վրաստանը։ Բայց ՀՀ կառավարությունը, կամ «Զվարթնոց» օդանավակայանը դեռևս չեն հայտարարել, որ իրենք պատրաստ են գնալ նման զեղչերի։ «Իհարկե, պատրաստ չեն։ Վրաստանը նման low-coster-ին տոմսի կեսն ինքն է վճարում, որպեսզի տուրիզմը զարգացնի։ Իսկ Հայաստանում պատրա՞ստ են դրան։ Եվ հետո, եթե low-coster է գալիս Հայաստան, ապա հետո շատ դժվար կլինի ազգային ավիաընկերություն ստեղծելը, որպեսզի այն դառնա մրցակից կայացած «Ryanair» low-coster-ին։ Ես կողմնակից եմ, որ մենք սեփական ավիաընկերություն ունենանք։ Եթե նպատակը դա է, ապա «Airbus»-ին կարելի է հրավիրել»,- եզրափակեց Շահեն Պետրոսյանը։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի խոսքերով՝ PR-ի տեսանկյունից ամեն ինչ էլ հնարավոր է, բայց PR ակցիաներ չեն կարող վերջնարդյունք լինել, դրանք կարող են միայն նախադրյալ լինել՝ բերել ավիաընկերությանը Հայաստանի հետ ծանոթացնել, բայց բերելը գործի միայն կեսն է։
Ավիաընկերությանը Հայաստան բերելուց հետո պետք է նրան համոզել, որ երկիրն ունի հնարավորություններ սպասարկել ընկերությանը։ «PR-ի արդյունքում ընկերությունը կարող է գալ, տեսնել և շրջվել գնալ կամ պայմաններ դնել, որ պայմանով կմնա։ PR-ը ընդամենը կարող է սկիզբ լինել, որից հետո պետք է գործ անել, քանի որ PR-ը սկզբում է աշխատում, հետո չի աշխատում։ Հետո արդեն պետք է աշխատանք ցույց տալ։ PR-ը բոլոր բնագավառներում ՝ քաղաքականության մեջ, տնտեսության և այլ բնագավառներում աշխատում է կարճաժամկետ, եթե չի հիմնավորվում լուրջ գործով։ Հայտնի 40 օրվա պատմությունն է PR-ը, որից հետո փուչիկը տրաքում է, եթե փուչիկ է լինում։ Իսկ եթե հիմքում լինում է աշխատանք, գործ, արդյունք, ապա PR-ն աշխատում է շատ երկարատև»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց քաղտեխնոլոգը։








































