Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հրավիրել է Թուրքիայի դեսպանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կտրուկ հայտարարությունից հետո, հաղորդում է SBS-ն:
Ինչպես նշվում է, Էրդողանը նախօրեին կտրուկ է արտահայտվել «իսլամը դատապարտող» ավստրալացիների մասին: Թուրքիայի ղեկավարը հակաիսլամական հայացքներ ունեցող ավստրալացիներին խորհուրդ է տվել Թուրքիա չայցելել, եթե ցանկանում են խուսափել տհաճություններից:
Նախագահը նաև հիշեցրել է Առաջին աշխարհամարտի մարտերից մեկում զոհված ավստրալացի զինվորականների մասին:
«Այս արտահայտությունները խորապես վիրավորական են: Ես գտնում եմ, որ Էրդողանի մեկնաբանությունները լիովին հակասում են Քեմալ Աթաթուրքի, Առաջին համաշխարհային պատերազմում զոհված ավստրալացի զինվորների մասին, ասած խոսքերին»,- ասել է Մորիսոնը:
Նա հավելել է, որ Ավստրալիան կշարունակի ձգտել բազմամշակութային հասարակության և հանդուրժողականության զարգացմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիայի վարչապետը Նոր Զելանդիայի մզկիթներում իրականացված հրաձգությունն «ահաբեկչություն» է անվանել:










































