Արցախը բանակցության կողմ դարձնելու և Արցախի սուբյեկտությունը բարձրացնելու մասին Հայաստանի նոր իշխանության հայտարարությունները փաստորեն առաջ են բերել «հակընդդեմ» քննարկում՝ Արցախը Հայաստանի մաս դիտարկելու առումով: Ավելին, հնչում են հայտարարություններ, թե ում ենք մենք խաբում, միթե՞ աշխարհը չգիտե, որ Արցախն առանց Հայաստանի չի կարող լինել: Թվում է, որ ռացիոնալ հարցադրում է՝ ո՞ւմ ենք խաբում, թե Արցախի իշխանությունն է արցախցիների մանդատ կրողը, իսկ Հայաստանի վարչապետը՝ ոչ: Իսկ մենք մեզ չե՞նք խաբում, երբ դադարում ենք «խաբել» աշխարհին: Ի վերջո, խնդիրը այստեղ ավելի պարզ չէ՞, քան փորձում ենք դիտարկել բարդ կռահումների տարբերակով: Միշտ էլ հնարավոր է ներկայանալ մեկ դիրքից, հակառակն է դժվար՝ հարկ եղած դեպքում մանևրել երկուսով: Մենք կարծում ենք, որ սպառե՞լ ենք երկու սուբյեկտությամբ մարտավարությամբ խաղալու հնարավորությունը: Եթե այո, այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը չի շտապում օգտվել դրանից և հայտարարել, որ ճանաչում է Արցախի հետ առանձին բանակցելու անհրաժեշտությունը: Եվ ընդհանրապես, մենք երկու սուբյեկտությո՞ւնն ենք սպառել, թե՞ հակառակը՝ փաստացի մեկ սուբյեկտի մարտավարությունը, արդեն քսան տարի և ավելի, երբ Հայաստանի իշխանությունը սկսել է բանակցել նաև Արցախի անունից և ձևաչափից դուրս թողել Արցախը:
Եվ արդյո՞ք դա չի եղել պատճառը, որ Ադրբեջանը միջազգային ասպարեզում ստացել է ավելի ու ավելի հանդուգն և ագրեսիվ պահվածքի լեգիտիմ իրավունք, որովհետև Հայաստանը «նույնականության» կամ «մեկ սուբյեկտի» մարտավարության հետևանքով, փաստորեն, քաղաքական-դիվանագիտական տրամաբանության մակարդակում չեղարկել է 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը: Այդ համաձայնագիրն ունեցել է ստորագրող երեք կողմ՝ Հայաստան, Արցախ, Ադրբեջան: Երբ Հայաստանը ձևաչափից դուրս է դրել Արցախը՝ հայտարարելով, թե ինքն է բանակցում՝ ինչ տարբերություն, գործնականում քաղաքական տրամաբանությունից դուրս է դրել հրադադարի ռեժիմի առանցքային փաստաթուղթը, որը միայն չկրակելու մասին փաստաթուղթ չէ, այլ գործնականում արցախյան հարցի ռազմա-քաղաքական հիմք: Դրան է հաջորդել Ադրբեջանի քայլ առ քայլ հանդուգն քաղաքականությունը, ընդ որում ոչ միայն սահմանին հրադադարի խախտման տեսքով:
Այդ հանդգնության մեկնակետ պետք է դիտարկել 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ սեմինարի ընթացքում տեղի ունեցածը, երբ ադրբեջանցի սպա Սաֆարովը գլխատել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Եվ դրանից հետո հայկական կողմը դարձյալ «գլխահակ» շարունակել է բանակցել նույն տրամաբանությամբ: Իսկ որևէ մեկը կարծում է, թե ադրբեջանցի մասնակիցը ընտրվել է պատահակա՞ն: Ադրբեջանն ընտրել է «մահապարտի» և փաստացի մարսել, այդ թվում՝ բանակցությունը շարունակելու հայկական պատրաստակամության հետևանքով: Այստեղ է, որ մենք մեզ ենք խաբել՝ կարծելով, թե աշխարհի համար միևնույն է լինելու բանակցային ձևաչափի տրամաբանության շեղումը՝ Արցախը դուրս թողնելով բանակցության սեղանից, բայց խորքային առումով խախտելով հարցի ամբողջ տրամաբանությունն ու դրա իրավա-քաղաքական արձանագրում եղած 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը: Այժմ էլ մենք մեզ ենք խաբում, ուրիշ ոչ մեկին, երբ համարում ենք, որ «չպետք է խաբենք» աշխարհին և ներկայանանք նույնական սուբյեկտությամբ, մեկ դեմքով:
Ի՞նչ է ստացվում, որ 1994 թվականին խաբե՞լ ենք աշխարհին, թե՞ պարզապես չենք հասկացել, թե աշխարհը մեզ ինչ է ասում և ինչ է ակնկալում մեզնից, իսկապես բարդագույն խնդրում արդյունավետ լուծումներ գտնելու և ռազմական բախման վտանգներ չգեներացնելու, փակուղի չստեղծելու և պատերազմի որևէ իրավունք չլեգիտիմացնելու համար: Արցախի սուբյեկտության բացակայությունը հանգեցրել է խորքային ճգնաժամի, որը քայլ առ քայլ մոտեցել և լրիվությամբ պայթել է Ապրիլյան քառօրյա պատերազմում: Ադրբեջանն անում է հնարավորը իրավիճակն այդ տրամաբանության մեջ պահելու համար, լավ իմանալով, որ այդպիսով, վաղ թե ուշ, միջազգայնորեն լեգիտիմացնելու է պատերազմի երկրորդ իրավունքը, որի իրացման ուժգնությունն արդեն կարող է լինել աղետալի, որովհետև կստացվի, որ Բաքուն իր սխալից հետևություն արել էր, իսկ Երևանը՝ ոչ: Այժմ Երևանը սխալների ուղղման ճանապարհին է՝ Արցախի սուբյեկտության պահանջի բարձրաձայնումով:







































