Ծխախոտի թանկացման խնդիրը երեք կողմ ունի. առաջինը ֆիսկալ կողմն է, որտեղ որպես շահագրգիռ կողմ հանդես պետք է գան Ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ը, որոնք եկամուտների հավաքագրման և բաշխման գործառույթ են իրականացնում։ Երկրորդը կողմը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն է և տնտեսության վրա ունեցած ազդեցությունն ու գնահատականը, որը չենք ստացել, և և երրորդ կողմը առողջապահության նախարարությունն է, որը առողջապահական տեսանկյունից է բոլոր հարցերը դիտարկում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Ես կարծում եմ, որ հարցը չպետք է լուծվի որևէ գերատեսչության ոլորտային շահի տեսանկյունից։ Այս առումով, մենք պետք է լավագույն լուծումը կայացնենք։ Այսինքն չպետք է լինի այնպես, որ մենք չպետք է այնպիսի որոշում կայացնենք, որի արդյունքում այո, միգուցե ծխողների թիվը կրճատվի, բայց մենք բյուջեի կամ տնտեսության հետ կապված խնդիրներ ունենանք, ի դեմս գործազրկության, կամ արտահանման կրճատման։ Այսինքն բազմակողմանի պետք է խնդիրը դիտարկել»,-ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ որպես ԱԺ պատգամավոր ակնկալում է, որ երեք կողմից էլ լինի հստակ գնահատական. «Այս պահին կա ֆինանսների նախարարության կողմից տեսակետ, որ դա ֆիսկալ առումով կարող է խնդիրներ առաջացնել։ Կա գնահատական Արսեն Թորոսյանի գլխավորած նախարարության կողմից, որ թանկացումը առողջապահական տեսակետից բազմաթիվ խնդիրներ է լուծելու»։







































