Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցը Բրյուսել։ Այս այցի շրջանակներում ՀՀ վարչապետը բարձր մակարդակի հանդիպումներ ունեցավ Եվրամիության կառույցների ղեկավարների, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի, ինչպես նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ Հայաստանն ու Եվրամիությունը իրար հետ են քայլում, մենք դաշնակիցներ ենք, և Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին օգնել այնքան, ինչքան մենք կցանկանանք։ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո նույնպես նշեց, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նույնպես նշեց, որ մենք ակնկալում ենք Եվրամիության աջակցությունը։
Ի՞նչ աջակցության մասին է խոսքը «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը պատասխանեց․ «Ցանկացած աջակցություն կարևոր է՝ և՛ ֆինանսական, և՛ փորձագիտական, և՛ տեխնիկական։ Մենք տեսնում ենք, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները նոր մակարդակ են գրանցում։ Նախկինում մեր իշխանությունները ձևացնում էին, որ ինչ-որ փոփոխություններ են իրականացնում երկրում, իսկ Եվրամիությունն էլ, չեմ ասի՝ ձևացնում էր, բայց, համենայնդեպս, այն աջակցությունը, որ ստանում էինք Եվրամիությունից, սահմանափակ էր այն իմաստով, որ նրանք էլ լավ հասկանում էին՝ Հայաստանի իշխանությունները իմիտացիոն փոփոխություններ էր իրականացնում»։
Մանրամասները՝ տեսանյութում։










































