Բելառուսը դեմ չէ Ռուսաստանի Դաշնության հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն, բայց դա չպետք է լինի ռուսական կամ բելառուսական ռուբլին: Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է մարտի 1-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք կողմ ենք: Իհարկե, դա կլինի ռուբլին, ձեզ մոտ (ՌԴ-ում) ռուբլին է, մեզ մոտ էլ է ռուբլին: Դա չի լինի ո՛չ ռուսական, ո՛չ բելառուսական ռուբլին: Դա կլինի մեր ընդհանուր ռուբլին»,- ասել է նա: Դրա հետ մեկտեղ Լուկաշենկոն այն կարծիքին է, որ կարևոր չէ, թե որտեղ կգտնվի էմիսիոն կենտրոնը: «Կարևոր չէ, թե որտեղ այն կլինի, թող լինի Պիտերում՝ Ռուսաստանի նախագահի հայրենիքում, իմ սիրած քաղաքում: Թող այնտեղ լինի»,- ասել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը նաև ընդգծել է, թե անհրաժեշտ է, որ երկու երկրները գնան հետագա մերձեցման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:









































