«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարից հետո նոր թափ է հավաքել «բանավեճը» քաղաքական դաշտում ԲՀԿ-ի տեղի և դերակատարության կամ պարզ ասած՝ ընդդիմություն լինել-չլինելու շուրջ: «Բանավեճն» ըստ էության ընթանում է հին փաստարկներով՝ պարզապես նոր թափով:
Բանն այն է, որ փետրվարի 15-ին տեղի ունեցած ԲՀԿ համագումարը այս «բանավեճում» որևէ լրացուցիչ փաստարկի հնարավորություն կամ առիթ չի տվել: ԲՀԿ-ն իր ամպլուայի մեջ էր՝ ելույթները կարող են լինել ուզածդ «Հռոմի պապից» ավելի «կաթոլիկ», սակայն կուսակցությունը համառորեն շարունակում է հայտարարել իր այլընտրանք լինելու մասին: Եվ այս մասին միանգամայն պարզ ու հստակ հայտարարեց նաև Գագիկ Ծառուկյանն իր ելույթում:
Այդ ամենից հետո առնվազն զարմանալի է, երբ կան շերտեր ու խմբեր, որոնք շարունակում են ԲՀԿ-ին ներկայացնել որպես ընդդիմություն: Մյուս կողմից՝ շատերը իրավացիորեն նկատում են, որ խնդիրն այն չէ, թե ինչ է հռչակում իրեն ԲՀԿ-ն: Խնդիրն այն է, թե ինչ է անում, այսինքն՝ անում է ընդդիմադի՞ր կուսակցության գործ, թե՞ այլ բան:
Այս տեսանկյունից, երբ լսում ենք ԲՀԿ-ի խոսքը, և այդ խոսքը մեկ անգամ ևս հնչեց համագումարում, ապա կարող ենք ասել, որ սա ընդդիմադիր կուսակցության խոսք է: Սակայն երբ համադրում ենք այդ խոսքը գործին, ապա այստեղ, մեղմ ասած, շարունակում են պահպանվել բազմաթիվ հարցադրումներ ԲՀԿ-ի՝ ընդդիմություն լինելու մասին: Այսինքն՝ ոչ միայն կուսակցությունն ինքն իրեն ընդդիմություն չի կոչում, և այդ իսկ պատճառով չենք կարող ասել, որ ընդդիմություն է, այլ նաև նրա գործը շատ հեռու է ընդդիմություն լինելու գործից:
Սրա վառ վկայությունն այն է, որ կուսակցության համագումարի ընթացքում հասարակությանը չեն ներկայացվել մեսիջներ որևէ առանցքային խնդրի վերաբերյալ, որ կանգնած է Հայաստանի առաջ: Ամենակարևորն ու առանցքայինն այն է, որ ԲՀԿ-ն առ այսօր չի տվել նախագահի պաշտոնում գտնվող Սերժ Սարգսյանի գործունեության քաղաքական գնահատականը: Լավ, հասկանալի է, հրաժարական պահանջելը քաղաքական մարտավարության հարց է և, բնականաբար, չի կարող լինել ընդդիմություն լինելու չափանիշ կամ նորմատիվ: Սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի տվել Սերժ Սարգսյանի գործունեության քաղաքական գնահատական, չի հայտարարել նրա ընտրությունների արդյունքները ճանաչելու կամ մերժելու մասին: Իշխանությունների քաղաքականությանը տված ընդհանրական գնահատականները չունեն ոչ մի կոնկրետություն և ըստ էության ոչ մի պատասխանատվություն չեն կարող ենթադրել քաղաքական իմաստով, քանի որ այդ ընդհանրական գնահատականները ըստ էության մանևրի տեղ են թողնում՝ այսօր վարչապետի պաշտոնանկություն պահանջել, վաղը առանձին վերցրած՝ նախարարի, մյուս օրը՝ միգուցե արդեն փոխնախարարի: Այս ամենը մարտավարական հարցեր են, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժը նախ պետք է տա իրավիճակի իր ռազմավարական գնահատականները, որը ենթադրում է առաջին հերթին՝ գնահատական Սերժ Սարգսյան բարձրագույն պաշտոնյայի գործունեությանը:
Սրանից զատ՝ ԲՀԿ-ն շարունակում է շրջանցել մեր պետության համար երևի թե ամենակարևոր հարցը ներկայումս՝ Մաքսային միության, Եվրոպայի հետ հարաբերությունների թեմաները: Այս կապակցությամբ ԲՀԿ համագումարը հասարակությանը ոչ մի պատասխան չի տվել, ոչ մի մեսիջ չի հղել:
Եվ ուրեմն ԲՀԿ անցած համագումարին ավելի կսազեր ոչ թե փակ, այլ ստատիկ համագումար հասկացությունը: Ստատիկ՝ հասարակությանը և պետությանը հուզող խնդիրների, մարտահրավերների տեսանկյունից:








































