Եվրամիությունում փաստացի սկսվել է նախընտրական արշավ: Եվրախորհրդարանի ընտրությունները ԵՄ 28 անդամ երկրներում կկայանան այս տարվա մայիսին: Առաջատար կուսակցական դաշինքներն արդեն հիմա սկսել են կազմել թեկնածուների ցուցակները: Խաղադրույքները բարձր են՝ ինչպես երբևէ. կուսակցությունները ոչ միայն կբաշխեն պատգամավորական աթոռները, այլև կունենան Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածության վրա ազդելու հնարավորություն: Հիմնական հավակնորդը, ով կփոխարինի ժոզե Մանուել Բարոզուին, համարվում է Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը: Այս մասին հայտնում է Kommersant-ը:
Մայիսին կայանալիք ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե Եվրահանձնաժողովի ապագա ղեկավարի թեկնածության վրա նրանք ինչ աստիճանի ազդեցություն կունենան: Համաձայն Լիսաբոնյան պայմանագրի՝ 2014 թվականից խորհրդարանական ընտրությունները կորոշեն ոչ միայն ԵՄ գերագույն օրենսդրական մարմնի կազմը: Քվեարկության արդյունքները հաշվի կառնվեն նաև նախարարական եվրոպական կաբինետի նոր ղեկավարի թեկնածության ընտրության հարցում: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր կուսակցություն կառաջադրի միասնական թեկնածուի, ով կգլխավորի համաեվրոպական նախընտրական արշավը:
Մինչ օրս ԵՄ երկրների առաջնորդները Եվրահանձնաժողովի նախագահին ընտրել են ինքնուրույն:
Ամենից առաջ իր թեկնածուին առաջադրել է Սոցիալ-դեմոկրատների դաշինքը: Նրա արշավը կգլխավորի Եվրախորհրդարանի գործող նախագահ, գերմանացի Մարտին Շուլցը: Նա խոստացել է պայքարել երիտասարդների շարքում գործազրկության ու ժողովրդի թերահավատության դեմ: Եվրոպացի լիբերալների թեկնածուն է դարձել Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆստադտը, իսկ կանաչներն ընտրությունների դուրս կբերեն միանգամից երկուսին՝ գերմանացի Ֆրանցիսկա Կելերին և ֆրանսիացի Ժոզե Բովեին:
Ֆավորիտ է համարվում աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ, 59-ամյա Յունկերը: Նա 19 տարի ղեկավարել է Լյուքսեմբուրգի կառավարությունը: Կուսակցական համագումարը նրա թեկնածությունը պաշտոնապես կարող է առաջադրել միայն մարտի սկզբին: Նրա մրցակիցներն են համարվում Լատվիայի նախկին վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը և եվրահանձնակատար Միշել Բարնիեն: Յունկերին արդեն աջակցություն է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Զարմանալի չէ, որ պոպուլիզմի աճի և եվրոպական գաղափարի հանդեպ վստահության անկման ֆոնին մասնակցությունն ընտրություններին ընկել է (2009-ին ԵՄ-ում միջինը 43 տոկոս): Ենթադրվում է, որ քվեարկության ընթացքում շատ քաղաքացիներ կտրվեն իմպուլսիվ ազդակների և կքվեարկեն աջ ծայրահեղականների օգտին:







































