Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը հավաստիացնում է, որ իր՝ գյուղապետ դառնալուց հետո համայնքն ապրում է բնականոն և աշխույժ կյանքով: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Երբ հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ են զբաղված գյուղապետարանի՝ ինքնակամ հրաժարականի դիմում ներկայացրած աշխատակիցները, Արթուր Մուրադյանը ծիծաղելով պատասխանեց. «Լավ էլ ապրում են: Ինչ իմանամ՝ ինչով են զբաղված»:
Հարցին՝ որքանո՞վ է արդյունավետ աշխատում նոր կոլեկտիվը, գյուղապետը նշեց՝ շատ լավ, «ժողովրդի հետ էլ շատ բարեհամբույր»: «Նույնիսկ հին աշխատակիցներից մեկը շարունակում է աշխատել մեզ հետ»,- ասաց նա:
Արթուր Մուրադյանը հավաստիացրեց, որ գյուղապետարանի նախկին և ներկայիս աշխատակիցները, լինելով համագյուղացիներ, միմյանց հանդեպ թշնամանք չեն տածում և շարունակում են միմյանց հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել: «Նրանք միշտ էլ հարազատներ են եղել: Հիմա էլ, եթե նախկին աշխատակիցներին գյուղապետարանից տեղեկանք է պետք լինում կամ հարկեր մուծելու կարիք են ունենում, մտնում-դուրս են գալիս: Ընդհանուր առմամբ, գյուղում շատ նորմալ, խախանդ վիճակ է»,- ասաց Պռոշյանի գյուղապետը:
Պռոշյանի գյուղապետի ընտրություններին Արթուր Մուրադյանի գլխավոր մրցակից Վովա Սահակյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ չի ուզում խոսել Արթուր Մուրադյանի մասին: «Որոշել եմ ոչնչի չխառնվել: Այս պահին հարմար չեմ գտնում խոսել ոչ գյուղապետի, ոչ Կոտայքի մարզպետի, ոչ էլ ընդհանուր իրավիճակի մասին»,- ասաց նա:
Ի՞նչն է Ձեզ կաշկանդում՝ հարցին էլ Վովա Սահակյանը պատասխանեց. «Ոչ մի բանը չի կաշկանդում: Դրանք ո՞վ են, կամ դրանց արածն ի՞նչ է, որ կաշկանդվեմ, ուղղակի առայժմ չեմ ուզում խոսել նրանց մասին: Բայց համբերենք. համբերությունն Աստծուն դարձրեց հավերժ: Համբերենք և կգա ժամանակը՝ ես կխոսեմ»:
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետարանի 15 աշխատակիցներից 13-ն ավելի վաղ ինքնակամ հրաժարականի դիմում էին ներկայացրել՝ աշխատանքից ազատվելու պահանջով, պատճառաբանելով, որ իրենք չեն կարող աշխատել նոր գյուղապետ, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանի հետ, որովհետև գյուղապետարանում անվստահության մթնոլորտ է։ Նրանք նշել էին, որ իրենց նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործը դեռ բացահայտված չէ, և գյուղապետարանում սարսափելի մթնոլորտ է, և իրենք չեն ուզում աշխատել նոր գյուղապետի հետ։









































