Արցախի համար պայքար մղած Սամվել Բաբայանը, չի կարող զրկվել իր երկրի քաղաքացիությունից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը։
«Արդի հայոց պետականության հիմք հանդիսացող Արցախում առաջիկա համապետական ընտրությունները խոստանում են լինել տարբերվող և բեկումնային:
Ինչպես միլիոնավոր հայեր, այնպես էլ արցախցիները իրավունք ունեն Հայոց պետականությունում` Արցախում, իրացնել իրենց քաղաքական իրավունքները` ընտրելու և ընտրվելու իրավունքը:
Արցախում ծնված և Արցախի համար պայքար մղած Սամվել Բաբայանը, չի կարող զրկվել իր երկրի քաղաքացիությունից` քաղաքական իրավունքներից:
Այսօր՝ ընտրություններից մեկ տարի առաջ, ավտորիտար իշխանությունը իր անօրինական որոշումներով մատնում է իր վախերը և ի ցույց դնում խուճապը:
Հարգելի հեռացող նախագահ Բակո Սահակյան, կարիք չկա խոչընդոտներ ստեղծելու, կարիք կա շրջահայաց և խոհեմ լինելու»,– ասվում է հայտարարությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը մտադիր է մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին, հայտարարել էր, որ վերջերս պարզել է՝ իրեն դեռևս 2006թ. զրկել են Արցախի քաղաքականությունից։








































