Երկրորդ աշխարհամարտի ավարտի օրն արված լեգենդար լուսանկարի հերոսը Ջորջ Մենդոնսան մահացել է 95 տարեկան հասակում, հաղորդում է Associated Press-ը:
Մենդոնսան մահացել է Ռոդ Այլենդ նահանգում ինսուլտի հետևանքով, 96-ամյակից մի քանի օր առաջ:
Մենդոնսայի և Գրետա Ցիմեր Ֆրիդմանի 1945 թ.-ի օգոստոսի 14-ին արված լուսանկարը դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի խորհրդանիշը: Նկարում նավաստի Մենդոնսան համբուրում է բուժքրոջ համազգեստով ատամնաբույժի օգնական Ֆրիդմանին: Լուսանկարն արվել է Նյու Յորքի Times Square հրապարակում, Ճապոնիայի կողմից կապիտուլյացիայի պայմանների ընդունումից հետո:

Մենդոնսայի խոսքերով, Ֆրիդմանը նրան հիշեցրել է նավի բուժքույրերին, որոնք խնամում էին վիրավոր նավաստիներին:
«Պատերազմի հետ կապված անհանգստությունն անցել էր, գումարած ես հարբած էի»,- հետագայում իր արարքը բացատրել է Մենդոնսան:
Լուսանկարի հերոսուհին՝ Գրետա Ֆրիդմանը մահացել է 2016-ին 92 տարեկան հասակում:










































