Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հուլիսի 5-6-ը կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը։
Բաքվում Ափաթուրայը հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի արտգործնախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք ներգրավված են «Անհատական գործընկերության գործողությունների պլանում» (ԱԳԳՊ)։
Ադրբեջանը ԱԳԳՊ-ի շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է 2005 թվականից։ Սա Ափաթուրայի առաջին ադրբեջանական այցն է։
Հիշեցնենք, որ այս տարի արդեն երկու անգամ Ափաթուրայի ադրբեջանական այցը հետաձգվել է։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել լիբիական զարգացումների, իսկ երկրորդ դեպքում՝ հունիսի սկզբին Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած գործադուլի պատճառով։







































