Այսօր Beeline Scholarship ծրագրի արդյունքների ամփոփմանը ներկա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ այս կրթաթոշակը մտավոր գործունեության արդյունք է: Նա նշեց, որ այս կրթաթոշակի առավելությունն այն է, որ չեն չափում գնահատականները: Մենք չենք ասում՝ ով է գերազանցիկ, իսկ ով՝ ոչ, այլ այս մրցույթը գնահատում է մտավոր աշխատանքը: Այս մրցույթը տալիս է հնարավորություն՝ վայելելու սեփական խելքով գումար վաստակելու բերկրանքը: Սա մեր երկրում պետք է օրինաչափություն դառնա, որ ամեն մարդ կարողանա գումար վաստակել բացառապես իր խելքով»,- ասաց նախարարը:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, իր ելույթում ողջունելով հաղթող ուսանողներին, նշեց. «Ձեզ հիմա հոյակապ հնարավորություն է տրված, ձեր կրթության ընթացքում ստացած կրթաթոշակները համաշխարհային կրթության ճանապարհ կբացեն»,- ասաց դեսպանը, ապա Արմեն Աշոտյանի հետ վիճակահանության միջոցով հանեցին այն երջանիկի անունը, որը հնարավորություն կունենա մեկնել Մեծ Բրիտանիա և դասընթացներ անցնել:
Իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի Աննա Թովմասյանը հաղթող ճանաչվեց: Նա հուզված էր: Նշեց, որ կյանքում անհավատ է, դրա համար դժվար է հավատալ հաղթանակին:
Լուսանկարը` PAN Photo-ի







































