Մաքսային միության դեմ խաղում ԵՄ-ն հաղթաթուղթ է կիրառում: Մոլդովայի քաղաքացիները կարող են մինչև ամառ ստանալ այն, ինչի մասին դադարել էին հուսալ՝ ԵՄ-ի հետ առանց այցագրի ռեժիմ:
Մոլդովացի փորձագետների կարծիքով՝ այդ քայլը կարող է ԵՄ-ին վերադարձնել մոլդովացիների համակրանքը, որը վերջին շրջանում նկատելիորեն թուլացել էր: Նորությունն այն մասին, որ քաղաքացիական ազատությունների, արդարադատության և միջազգային հարցերով Եվրախորհրդարանի հատուկ հանձնաժողովը հավանություն է տվել Մոլդովայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի վերացմանը, ստիպել է վարչապետ Յուրի Լյանկեին կառավարության նիստն ընդհատել հետևյալ բացականչությամբ՝ «Մենք մոտեցե՛լ ենք ԵՄ-ին»:
Եվրախորհրդարանի հանձնաժողովում ներկայացված է 6 ամսում մինչև 90 օր ժամանակահատվածով այցագրերի չեղյալ հայտարարման որոշման նախագիծ:
Մոլդովայի քաղաքացիներն առանց այցագրի ուղևորության իրավունք կստանան կենսաչափական անձնագրերի առկայության դեպքում: Դրանք արդեն տրամադրվում են Քիշնևում: ԵՄ ընթացակարգերի համաձայն՝ նախագիծը կներկայացվի Եվրախորհրդարանի հաստատմանը, որի լիագումար նիստը կկայանա փետրվարի վերջին: Այս մասին հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:
Դրանից հետո իր խոսքը կասի Եվրահանձնաժողովը, որից հետո որոշումն ուժի մեջ կմտնի:








































