Այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում շարունակվում է Կառավարության ծրագրի նախագծի քննարկումը:
«Այսօր հեղափոխության շնորհիվ վստահությունը վերականգնվել է, և այո, հասարակության սպասումները շատ մեծ են: Թոշակառուները և նպաստառուները իրենց կենսամակարդակի կտրուկ բարձրացման ակնկալիք ունեն, և այդ վիճակի պատճառը միայն իրենց ուղեղում չէ: 30 տարի անօթևան ապրած մարդիկ իրավունք ունեն սպասելու լուսավոր բնակարաններ»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Պատգամավորի խոսքով՝ մարդկանց սպասումներից լարվել պետք չէ. «Այդ սպասումների իրավունքը նրանք ստացել են հեղափոխությունից հետո: Սակայն հասարակության մեծ մասը իսկապես սկսել է կորցնել իր վստահությունը սեփական երկրում սեփական ապագայի նկատմամբ»:
Մանե Թանդիլյանը նկատեց. «Ինչո՞ւ պետք է օտարերկրյա որևէ ներդրող ներդրում կատարի հենց Հայաստանում. այս հարցից է պետք սկսել: Եվ այստեղ է անհրաժեշտությունը ունենալու այնպիսի ծրագիր և ռազմավարություն, որ կայուն զարգացում ապահովի»:
Մանե Թանդիլյանի համոզմամբ՝ տնտեսական հեղափոխության համար պետք էին հեղափոխական քայլեր ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլև տնտեսական ոչ ստանդարտ, շոկային քայլեր, որից պետք չէ վախենալ վստահության այս աստիճանի պարագայում. «Ծրագրի նպատակը հեղափոխական է, բայց ոչ՝ բովանդակությունը և առավել ևս՝ գործիքակազմը: Ինձ համար այն կարծես զրույց լինի վարչապետի և քաղաքացիների միջև»:
Մանե Թանդիլյանը պատասխանելով հարցին, թե հիմա իրենք ում կողմից են, ասաց, որ ինքը պետության հզորացման կողմնակիցն է. «Եվ վայ նրան, ով այս դահլիճում է գտնվում և այդպես չի մտածում»:
Վերջում նա լավատեսություն հայտնեց, որ կառավարության տնտեսական թիմի մտքում հեղափոխություն տեղի կունենա, անկախ նրանից՝ այն ամրագրված է ծրագրում, թե ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում:










































