«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող, Անիի նախկին ոստիկանապետի որդին՝ Հարություն Սարգսյանը, այսօր հացադուլ է հայտարարել: Նա գտնվում է ԱԱԾ մեկուսարանում՝ «Երևան կոնտրոն» ՔԿՀ-ում: Իր այդ ծայրահեղ քայլով նա փորձում է ապացուցել, որ ինքը կապ չունի այդ սպանության հետ: Նրա պնդմամբ, մեղադրելով իրեն՝ փորձ է արվում թաքցնել իրական մարդասպանին:
Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն ուներ այդպիսի մտադրություն, վերջին օրերին ավելի հաստատ էր որոշել գնալ այդ քայլին, բայց մանրամասն խոստացավ պատասխանել ավելի ուշ, երբ նրան կհաջողվի տեսակցել Հարություն Սարգսյանի հետո:
Նշենք, որ Հարություն Սարգսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով) և 188-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու համար): Մինչ այդ, նրան առաջադրված էր նաև ապօրինի զենք կրելու մեղադրանքը, ինչը գործի քննության ընթացքում հանվեց մեղադրանքի ծավալից:










































