Հայաստանի իշխանության ներկայացուցիչները կարծես թե որդեգրել են Եվրամիության հետ հարաբերությունների նոր ոճ՝ մեղադրել եվրոպացիներին այն բանի համար, որ Հայաստանին բավարար անվտանգության առաջարկներ չեն ներկայացրել և Ղարաբաղի հարցում էլ բավարար ակտիվ չեն եղել Հայաստանի մտավախությունները փարատելու համար:
Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների` Ստրասբուրգում տապալված ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության նիստում էլ հնչել են նման մեղադրանքներ: Եվրոպացիներն, իհարկե, տվել են այդ մեղադրանքներին համարժեք պատասխան, սակայն սա հայկական կողմին չի հետաքրքրում: Սեպտեմբերի 3-ից հետո ասելու բան չունենալով Եվրոպայում` հայաստանյան իշխանություններին ու նրանց ներկայացուցիչներին այլ բան չի մնում, քան նման մեղադրանքներ ներկայացնել՝ առաջնորդվելով այն մտայնությամբ, որ եթե ամենից բարձր գոռում ես բռնեցեք գողին, ուրեմն դա երկաթյա ալիբի է հենց քեզ գողության համար մեղադրելու դեմ: Մինչդեռ ամբողջ աշխարհում հայտնի է մեկ այլ մտայնություն, որ գողն ամենից բարձրն է գոռում բռնեցեք գողին: Ու Եվրոպայի աչքերում Հայաստանը այսօր հենց այդ վիճակում է:
Սա պարզապես խայտառակություն է, որովհետև խայտառակվում են ոչ միայն այն մարդիկ, որոնք նման կերպով փորձում են, այսպես ասած, արդարանալ Եվրոպայի առաջ, այլ նաև խայտառակվում է այն պետությունն ու հանրույթը ընդհանրապես, որը իբր ներկայացնում են այդ մարդիկ: Սակայն այս մասով գնահատականների դաշտ չմտնենք, առավել ևս, որ այս իրավիճակը սոցիալական ցանցերում ստացել է իր միանգամայն դիպուկ գնահատականը, ըստ որում` անվանապես է ստացել: Մենք փորձենք հասկանալ Հայաստանի ներկայացրած մեղադրանքների էությունը: Հասկանանք, որովհետև այս մոտեցումը Հայաստանի հասարակական շրջանակներում էլ փորձ է արվում ներդնել, և վտանգ կա, որ ներդրման այդ փորձերը կարող են ազդել հասարակական լայն շերտերի վրա:
Այստեղ նախևառաջ հարկ է հստակեցնել, որ բոլորովին միամտություն չունենք ենթադրելու կամ համոզված պնդելու, որ Եվրոպան կարող է ղարաբաղյան և անվտանգության հարցերում առաջնորդվել, այսպես ասած, մաքուր և անաղարտ հումանիզմի դիրքերից ու մտածել միմիայն շահագրգիռ սուբյեկտների, տվյալ դեպքում Հայաստանի գեղեցիկ աչքերի կամ հինավուրց մշակույթի մասին: Չենք էլ պնդի, որ մշակութային ընդհանրությունները բացարձակ ոչ մի դեր չեն խաղում: Խաղում են, բայց հստակ է նաև, որ դրանք գործոններից մեկն են, իսկ գեղեցիկ աչքերը գործոն չեն: Այստեղ հստակ քաղաքականություն է և քաղաքական շահեր: Եվ ուրեմն, արձանագրելով այդ իրողությունն` անցնենք առաջ:
Ի՞նչ էր ուզում Հայաստանը և ՀՀ հասարակությունը՝ որ Եվրոպան ճանաչի՞ Լեռնային Ղարաբաղի անկախությունն Ասոցացման համաձայնագրով, որ հայտարարի Ղարաբաղն ու ազատագրված տարածքները Հայաստանի տարա՞ծք, որ գրողի ծո՞ցն ուղարկի Ադրբեջանին: Այսինքն` Հայաստանի իշխանությունների համար դա՞ էր միայն պակասում, որ նման կերպով չխաբեին Եվրոպային և ստորագրեին Հայաստանի համար շահավետ Ասոցացման համաձայնագիրը: Այդ հարցադրմանը դրական պատասխան տալը հավասարազոր միամտություն է, ինչպես որ կարծելը, որ Եվրոպան կամ որևէ այլ բևեռ առաջնորդվում է «գեղեցիկ աչքերի» սկզբունքով, ոչ թե քաղաքական իրողություններով ու հաշվարկներով: Միամտության հաստատող վկայություն է և այն, որ ՀՀ-ում ոչ մեկի մտքով իսկ չանցավ Ղարաբաղի հարցի կապակցությամբ նման պահանջներ ներկայացնել, օրինակ, Ռուսաստանին: Մինչդեռ Ղարաբաղի վերաբերյալ ոչ մի հիշատակում, ոչ մի հայամետ հիշատակում չկա Մաքսային միության մասով: Ավելին` այդ միության անդամներ Բելառուսն ու Ղազախստանը նույնիսկ ոչ հայանպաստ հարցադրումներ են արել այս կապակցությամբ: Էլ ավելին` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը 2013 թվականի մայիսին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ մոսկովյան ասուլիսում ղարաբաղյան ազատագրված տարածքները որակել է «ադրբեջանական տարածքներ»:
Եվ ուրեմն` ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները ու Եվրոպային «մեղադրանքներ» ներկայացնող նրանց ներկայացուցիչները ոչ մի բառ չեն ասել Բելառուսին, Ղազախստանին և վերջապես Ռուսաստանին, ինչո՞ւ ոչ մի հրապարակային դիտողություն, պահանջ: Ինչո՞ւ ոչ մի ձայն Ռուսաստանի Ադրբեջանին վաճառած հարձակողական սպառազինության կապակցությամբ: Ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզի՞ն: Իրականում, սակայն, խնդիրը «Զևսի» ու «եզի» կարելիների հարցը չէ: Եթե ղարաբաղյան հարցում Եվրոպայի քաղաքականությունը չէր բավարարում ՀՀ իշխանություններին, ինչո՞ւ 3 ու կես տարվա ընթացքում այս մասին չբարձրաձայնվեց ոչ մի անգամ, թեկուզ կես բառով: Չբարձրաձայնվեց, որովհետև այդպիսի խնդիր չկար: Ու Եվրոպան գիտակցաբար էր հրաժարվել այդ խնդրից` հասկանալով, որ այն բավական նուրբ է, ընդամենը կարգելակի հարաբերությունների սերտացմանը, կխանգարի ՀՀ առաջընթացի համար կարևոր բանակցությանը, միևնույն ժամանակ այդ խնդրի որևէ կոնֆիգուրացիայով արծարծումը բնականորեն լուրջ արձագանք կառաջացներ Մոսկվայից, այսինքն` Եվրոպան նաև փորձում էր չգրգռել Ռուսաստանին այս մասով:
Այսինքն` բուն խնդիրը բոլորովին այլ տեղում է, քան Ղարաբաղի կամ անվտանգության հարցերում Եվրոպայի դիրքորոշումը: Խնդիրը ջայլամային քաղաքականության կամ քաղաքականության մասին ջայլամային պատկերացումների մեջ է, որով առաջնորդվում են ՀՀ իշխանությունները, կարծելով, որ ոչ միայն իրենք, այլ ամբողջ աշխարհն է քաղաքական գործընթացներին նայում իրենց մտավոր կարողությունների շրջանակով: Իսկ դա արդեն վաղուց շրջանակ չէ, այլ օղակ, որ հագցրել են Հայաստանի վզին: Եվ ինչքան փորձում են սեփական մտավոր կարողությունների այդ օղակով հեռուն գնալ ու իբր զբաղվել արտաքին քաղաքական հարցերով, այդքան այդ ընթացքից սեղմվում է օղակը Հայաստանի վզին:









































