Կիևի Եվրամայդանի բժշկական ծառայության բժիշկները փորձել են վերակենդանացնել Սերգեյ Նիգոյանին, ով վիրավորվելուց հետո հայտնվել է իրենց մոտ, ներարկել են ադրենալին, սակայն ապարդյուն: Երբ քահանան աղոթում էր, նա չկարողացավ զսպել արցունքները և արտասվեց: Այս մասին հաղորդում է «Ուկրաինա-Օնլայն» պարբերականը:
Պարբերականի փոխանցմամբ՝ բժիշկ Ուլյանա Բելոուսը, որը մանկական վիրաբույժ է, ներկա է եղել, երբ բերել են վիրավոր Նիգոյանին: Ուլյանան երրորդ անգամ Մայդան է եկել, երբ սկսվել են Գրուշևսկի փողոցի իրադարձությունները: Բելոուսը հերթապահել է հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը: Յուրաքանչյուր 10-15 րոպեն մեկ բժշկական կետ են բերել տարբեր վնասվածքներով մարդկանց:
Նա տեսել է, երբ բերել են ծանր վիրավորված երիտասարդի: Նրա շուրջ միանգամից մի քանի բժիշկ է հավաքվել՝ փորձելով վերակենդանացնել վիրավորին, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցել, երիտասարդը մահացել է: Նա Սերգեյ Նիգոյանն էր:
Ուլյանան Նիգոյանին տեսած է եղել նախկինում, հիշում է՝ ինչպես էր Նիգոյանն իրենից օգնություն խնդրել, երբ կտրել էր մատը:
Սերգեյ Նիգոյանի մահից հետո եկած քահանան աղոթք կարդալուց հետո սկսել է արտասվել: Պարզվել է՝ մի քանի տարի առաջ քահանան կորցրել է նույն տարիքի որդուն:










































