Կառավարության անցյալ հինգշաբթի օրվա նիստից հետո էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, թե եթե մենք Մաքսային միություն (ՄՄ) չմտնեինք, ավելի շատ լրացուցիչ գնաճ կունենայինք, քան կունենանք ՄՄ-ին անդամակցելով: Վերջին դեպքում, ըստ նախարարի, սպասվում է լրացուցիչ առավելագույնը 1.5% գնաճ, մինչդեռ եթե գազի գինը բարձրանար մինչև 400 դոլար/հազար խմ-ի դիմաց, գնաճը Հայաստանում շատ ավելի մեծ կլիներ:
Ստացվում է, որ Մաքսային միության մասին խոսելիս մենք հիշատակում ենք միայն վնասներ: Վնասներ՝ եթե միանում ենք այդ միությանը, և վնասներ՝ եթե չենք միանում: «Ժամանակի» հարցին` կա՞ արդյոք որևէ առարկայական, չափելի տնտեսական օգուտ, որ Հայաստանը կարող է ստանալ՝ անդամակցելով Մաքսային միությանը, նախարարը դրական պատասխան տվեց: Նրա խոսքով՝ կան երեք հիմնական «լավ բաներ»: «Առաջին` տեխնիկական կանոնակարգերով և ընդհանուր որակի ենթակառուցվածքների տեսանկյունից միանում ենք այն շուկային, որտեղ վաճառում ենք հիմնականում հենց այն ապրանքները, որոնց սերտիֆիկացումն ու ստանդարտները ամենակարևորն են: Այստեղ մեր գնահատականները հետևյալն են. մենք 7-8% ծախսերի նվազեցում ենք ունենալու, և դա շատ էական է տնտեսվարող սուբյեկտների համար: Երկրորդ՝ ի զարմանս շատերի (ոչ մեզ) հետաքրքրությունը ՀՀ-ում ներդրումներ անելու և ՄՄ շուկան օգտագործելու, բավականաչափ շատացել է: Որովհետև ՀՀ-ն կարող է իսկապես այն երկիրը լինել, որտեղ թողարկված արտադրանքը դառնում է ՄՄ արտադրանք: Երրորդ՝ ՄՄ մտնելով մեր տնտեսվարողները ունենալու են այս շուկաներում գործելու առավել բարենպաստ պայմաններ՝ ի տարբերություն մեզ մրցակից շատ այլ երկրների: Դա իսկապես կարող է լինել շատ շահեկան ՀՀ համար»,- ասաց նախարարը:
Իհարկե, նախարարի ասած 3 կետերը իրականությունից ամբողջությամբ կտրված չեն: Խնդիրը, սակայն, այն է, որ նախարարի թվարկած այդ երեք օգուտներն էլ առկա են, ընդ որում՝ ավելի մեծ չափով, ԵՄ հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտում: Մասնավորապես՝ որակական չափանիշներն ու սերտիֆիկացումը ԵՄ կանոնակարգերին համապատասխանեցնելը նշանակում էր, որ, օրինակ, ապրանքի ծագման ու բազմաթիվ այլ տեղեկանքներ (ԵՄ կողմից ընդունվեց) մեր գործարարները կստանային անվճար: Բազմաթիվ վճարներ, որոնք գործարարները այժմ մուծում են՝ մաքսային մարմիններից ծառայություններ ստանալու համար, պարզապես կվերանային, և այդ ծառայությունները կմատուցվեին անվճար: Սա՝ առաջին կետի առումով: Երկրորդ՝ պարզից էլ պարզ է, որ Հայաստանի ներդրումային գրավչությունը է՛լ ավելի մեծ չափով կաճեր՝ ԵՄ հետ ազատ առևտրի գոտի մտնելու դեպքում, ոչ թե ՄՄ մտնելիս: Որովհետև ավելի քան 10 անգամ ԵՄ շուկան ՄՄ շուկայից մեծ է, ԵՄ ստանդարտները լավագույնն են ու ճանաչված են ամբողջ աշխարհի կողմից (ի տարբերություն ՄՄ-ի) և այլն: Եվ երրորդ՝ «արտոնյալ» պայմանները՝ մեր մրցակիցների համեմատ, թեև կարճաժամկետում կարող են օգուտ տալ, բայց երկարաժամկետում «արջի ծառայության» նման մի բան են: Որովհետև եթե պետական սահմանափակումների և ոչ թե քո արտադրանքի բացարձակ առավելության շնորհիվ ես դու հաղթում մրցակիցներիդ, դա թուլացնում է ապրանքն առավել մրցակցային դարձնելու ու կատարելագործելու շարժառիթը: Եվ հետագայում, երբ արդեն հավասար մրցակցության դաշտում ես հայտնվում այդ մրցակիցների հետ, պարտվում ես: Այս տեսակետից ԵՄ շուկան իսկապես շատ ավելի ձեռնտու է՝ երկարաժամկետ առումով, քանի որ ստիպում է դառնալ իրապես բարձր մրցակցային երկիր, անընդհատ մտածել կատարելագործվելու մասին:
Պատկերը ամբողջական դարձնելու համար հաշվի առնենք նաև իշխանության գլխավոր «փաստարկը», թե ինչու էր տնտեսապես ձեռնտու ՄՄ-ն: Խոսքը գազի ու գազի գնի մասին է: Իշխանությունն ասում է՝ ՄՄ մտնելով էժան գազ ենք ստանում, իսկ որ ԵՄ հետ Ասոցացում ստորագրեինք՝ գազը կթանկանար, ու մեր տնտեսությունը «վարի կգնար»: Հենց այս միտքն էլ երեկ անընդհատ շեշտում էր էկոնոմիկայի նախարարը: Բայց այստեղ պետք է արձանագրել, որ իշխանությունն ազնիվ չէ: Այսպես, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, թե իրանական գազը ավելի թանկ է, քան ռուսականը: Դրանից հետո Իրանի դեսպանը նախարարին սուտ էր հանել՝ հայտարարելով, որ Իրանի հետ Հայաստանը գազի հարց երբեք չի քննարկել կամ բանակցել: Ավելին` դեսպանը շեշտել էր, որ եթե նման քննարկումներ լինեն, Իրանը, հնարավոր է, շատ ավելի էժան գնով գազ մատակարարի Հայաստանին (դեսպանը 100 դոլար/հազար խմ գին էր ասել): Այսինքն՝ «փաստարկը», թե ՄՄ մտնելը պետք էր էժան գազի համար, այնքան էլ համոզիչ չէ, հատկապես, որ էժան գազ Ռուսաստանից մենք ստանալու ենք ընդամենը մի քանի տարով:
Եթե այս ամենի ֆոնին գումարենք այն ֆինանսական օգնությունը, որ Հայաստանը կարող էր ստանալ ԵՄ-ից՝ դոնորների համաժողովից հետո (խոսք էր գնում մոտ 6 միլիարդ դոլարի մասին), պատկերն ավելի ամբողջական կդառնա: Ավելին` ակնհայտ է, որ եթե Ռուսաստանը ինչ-որ սահմանափակումներ դներ, ասենք` հայկական ապրանքների արտահանման վրա, ԵՄ-ն այդ վնասները փոխհատուցելու համար համապատասխան քայլեր կձեռնարկեր, ինչպես արեց Մոլդովայի դեպքում:
Այսպիսով, ևս մեկ անգամ արձանագրենք այն, ինչ ասվել է վերջին 5-6 ամիսներին: Մաքսային միությունը լուրջ վնաս է հասցնելու Հայաստանի տնտեսությանը՝ գնաճի ու ԵՄ հետ առևտրի հնարավորությունների սահմանափակումների պատճառով, թեև որոշ հարցերում կարող է նաև օգուտ տալ (փաստաթղթեր ձեռք բերելու ծախսերի կրճատում գործարարների համար ու Հայաստանի ներդրումային գրավչության որոշ աճ): Սակայն ԵՄ հետ Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, առանց մեր տնտեսությանը վնասելու, տալու էր անհամեմատ ավելի շատ օգուտներ, քան Մաքսային միությունը կտա:










































