«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանն է։
-Պարոն Դավթյան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Եվրասիական տնտեսական միության վարչապետները փետրվարի 1-ին կքննարկեն միությունում գազի փոխադրման գնագոյացումը։ Ի՞նչ զարգացումներ կարող են լինել այս ուղղությամբ։
-Այսօր ԵԱՏՄ-ում առկա է քաղաքական որոշում բնական գազի, էլեկտրաէներգիայի ու նավթի-նավթամթերքի ընդհանուր շուկաներ ձևավորելու մասին: Սակայն տեխնիկական, առավել ևս օրենսդրական իմաստով միությունը դեռ լուրջ առաջխաղացում չի ապահովել: Դրա վառ ապացույցներից է թերևս այն, որ մինչ օրս միության անդամ-պետություններ չունեն ընդհանուր տեսլական միասնական շուկաների գործարկման վերաբերյալ և առ այսօր շարունակում են վիճել մի շարք առանցքային հարցերի շուրջ:
Բավական է, օրինակ, նշել, որ Բելառուսը դեմ է էլեկտրաէներգիայի շուկայի մոդելի իմպլեմենտացմանը, քանի դեռ չի գործում գազի ընդհանուր շուկան: Այդ դիրքորոշումը տրամաբանական է և, կարծում եմ, բխում է նաև Հայաստանի շահերից, քանի որ 2021 թ. էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա ձևավորելը նշանակում է, որ գազի արդյունաբերություն չունեցող պետությունները գեներացնելու են ավելի բարձր ինքնարժեքով էլեկտրաէներգիա: Դա պայմանավորված է լինելու նրանով, որ, օրինակ, Հայաստանում էներգագեներացման 40-42%-ն իրականացվում է բնական գազով աշխատող ջերմաէլեկտրակայաններով, իսկ Բելառուսում այդ ցուցանիշն ընդհանրապես 90%-ի է հասնում: Ավելին՝ վերազգային շուկայի ձևավորմանը դեմ են նաև Ռուսաստանի առանցքային՝ էլեկտրաէներգիայի շուկայում գործող ընկերություններ, որոնք չեն ցանկանում իրենց գերշահութաբեր բիզնես-մոդելները վերանայել: Վերաբերում է գազի տարանցման գներին, ապա այստեղ նպատակ է դրվում ստեղծել հավասարապես շահութաբեր պայմաններ շուկայի խաղացողների համար, սակայն դա ևս կապակցված է մի շարք խնդիրներով: Նախ՝ ԵԱՏՄ-ի պայմանագրի համաձայն՝ անդամ- պետությունները կարող են ինքնուրույն տարանցման գին սահմանել. նույն Բելառուսը վերջին տարիներին մեկ անգամ չէ, որ բարձրացրել է իր տարածքով ռուսական նավթի տարանցման գինը, և հատկապես 2019 թ. Մոսկվայի հայտնի «հարկային մանևրից» հետո նպատակ ունի շարունակելու այս գիծը նաև գազի ոլորտում:
Միևնույն ժամանակ որոշ անդամ-պետություններ, այդ թվում՝ Հայաստանը պարտավորություններ ունի եվրոպական էներգետիկ խարտիայի շրջանակներում, որին Երևանը միացել է 1994 թ.։ Մյուս կողմից, երբ ուսումնասիրում ենք միջազգային փորձը, ապա տեսնում ենք, որ գազի միասնական շուկաներ հիմնականում ձևավորում են այն պետությունները, որոնք ունեն գազի արդյունահանում և արտահանում շուկայում միմյանց ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու ու մրցակցային ռիսկերից խուսափելու նպատակով: Այս իմաստով, ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի ձևավորումը շատ բարդ ու խնդրահարույց է լինելու:
-Սարգսյանը նաև նշել է, թե գոյություն ունեն տարբեր մոտեցումներ, անհրաժեշտ է մշակել փոխզիջումային տարբերակ։ Հնարավո՞ր է արդյոք այդ քննարկման արդյունքում Հայաստան մատակարարվող գազի սակագինը կրկին փոխվի՝ այս անգամ հղում անելով արդեն ԵԱՏՄ միասնական կանոնակարգին:
– ԵԱՏՄ անդամ-պետությունների գազի շուկաները չափազանց տարբեր են. Հայաստանում գազի գինը երկու անգամ ավելի բարձր է, քան Բելառուսում, Բելառուսում՝ երկու անգամ ավելի բարձր, քան Ռուսաստանում, Ռուսաստանն իր հերթին զիջում է Ղազախստանին: Ուստի, ընդհանուր շուկայի ձևավորման հարցում պետք է նկատի ունենանք առկա պետական ու բիզնես շահերի բախումը, որը պայմանավորված է նախ և առաջ ազգային շուկաների ներսում արդեն ավանդական դարձած բիզնես գործընթացներով: Պարոն Սարգսյանը միանգամայն ճիշտ է, երբ հայտարարում է, որ կոմպրոմիս է անհրաժեշտ, սակայն առայժմ փոխզիջման մասին խոսք գնալ չի կարող: Միության երկու առանցքային պետություններ՝ Ռուսաստանը և Ղազախստանը, որոնց վրա պետք է խարսխված լինի ընդհանուր շուկայի արդյունավետությունը, այսօր մրցում են միմյանց դեմ Չինաստանի գազի շուկայում որոշակի դիրք զբաղեցնելու համար: Երկրների տարաձայնությունները էներգետիկ ոլորտում արդեն հասել են նրան, որ Աստանան արգելել է ռուսական բենզինի ու դիզվառելիքի ներկրում իրականացնել ներքին արտադրողին աջակցելու նպատակով: Ի վերջո, ընդհանուր էներգետիկ շուկան, նախ և առաջ, ազգային շուկաների ազատականացում է ենթադրում:
Էլեկտրաէներգետիկ ոլորտում այս գործընթացն արդեն սկսվել է, չնայած, որ ընդհանուր առմամբ շատ ֆորմալ բնույթ է կրում: Ինչ վերաբերում է գազային ոլորտին, ապա այստեղ ոչ «Գազպրոմը», ոչ «ՂազՄունայԳազը»՝ լինելով ազգային մենաշնորհային տնտեսվարողներ, հնարավորինս խոչընդոտելու են շուկայի ազատականացմանը, ինչի արդյունքները մենք արդեն տեսնում ենք: Ինչ վերաբերում է Հայաստանին մատակարարվող գազի գնին, ապա ընդհանուր շուկայի ձևավորման պարագայում մենք պետք է սովորենք դրանում առկա գնային հնարավոր տատանումներին: Բանն այն է, որ ներկայացվող մոդելը ենթադրում է գազային բորսայի ստեղծում, որտեղ անդամ-պետությունները կարող են անհրաժեշտ ծավալով բնական գազ գնել՝ տվյալ պահին գործող գնով: Այսինքն՝ չի լինելու մեկ տարվա կտրվածքով սահմանված գին, ինչպես դա այսօր է: Հետևաբար, գազի գնագոյացման հարցում պետք է նվազի քաղաքական բաղադրիչը, գինը լինելու է կոմերցիոն՝ ելնելով շուկայական տատանումներից, որոնք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված կլինեն համաշխարհային շուկայում նավթի գներով: Սա, իհարկե, կարող է ոչ այնքան բարենպաստ լինել Հայաստանի համար, որը վերջին 15 տարիների ընթացքում բնական գազ է ներկրում շուկայականից ցածր գնով՝ կոմպենսացիոն քաղաքականության շնորհիվ: Իսկ շուկայական գները վերջին շրջանում պարբերաբար աճ են արձանագրում: Բավական է նշել, որ 2018 թ. Ռուսաստանից արտահանվող բնական գազի միջին գինը նախորդ տարվա համեմատ աճել է 23%-ով՝ հասնելով 240 դոլարի: Եթե այս միտումը շարունակվի, ապա մենք, որպես գազ ներկրող երկիր, կառերեսվենք մի շարք տնտեսական ու սոցիալական խորքային խնդիրների: Ուստի ժամ առաջ պետք է վերանայել երկրի էներգետիկ անվտանգության մոդելը:
-Հայկական կողմը հայտարարել է, թե սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի արդյունավետության բարձրացման հաշվին: Ի՞նչ պետք է անել այդ ընկերության ծախսերի արդյունավետության բարձրացման համար։
-Կարծում եմ, երկրի ներսում սակագնի պահպանումը՝ սահմանին 15 դոլարով գնի աճի պայմաններում հնարավոր է ապահովել երկու բանի հաշվին. Ներդրումային ծրագրի վերանայում և կորուստների կրճատում: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա Մոսկվայից արդեն հստակ ազդակներ կան, որ «Գազպրոմի» հայաստանյան դուստրը մոտակա տարիների համար կկրճատի իր ներդրումների ծավալը: Գիտենք, որ 2018-2020 թթ. համար այն կազմում է մոտ 32 մլրդ դրամ, որից մոտ 19 միլիարդը պետք է ուղղվի Աբովյանի ստորգետնյա գազի պահեստարան-կայանի ընդլայնմանը, ինչն ուղղակիորեն բխում է երկրի էներգետիկ անվտանգության շահերից: Ուստի ներդրումային և, հետևաբար, աշխատանքային ծավալների կրճատումը այս փուլում կօգնի երկրի ներսում խուսափել սակագնի աճից, բայց ավելի հեռանկարային ու անվտանգային իմաստով կարող է ռիսկեր պարունակել: Ինչ վերաբերում է տեխնիկական կորուստներին, ապա դրանք մեր գազատրանսպորտային համակարգում բավականին բարձր են. սակագնի կառուցվածքում դրանց բաժինը մոտ 11 դոլար է կազմում: Տարվա կտրվածքով գազի կորուստը մոտ 140 մլն խմ է կազմում, այսինքն` ներկրվող գազի մոտ 7%-ը, ինչը բավականին բացասական ցուցանիշ է, եթե հաշվի առնենք այն, որ զարգացած գազատրանսպորտային համակարգերում, իսկ մենք մեզ հենց այդպես ենք ներկայացնում, կորուստները չեն գերազանցում 2-3%-ը: Խնդիրը ընկերության ներկորպորատիվ կառավարման, մասնավորապես՝ ԳԳՄ-ների՝ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի վերահսկման մեջ է: Հենց վերջիններս են պատասխանատու տեխնիկական կորուստների համար:









































