Ճապոնիան Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից և Թուրքիայից անմիջապես հետո վերսկսել է իրանական նավթի ներմուծումը: Այդ մասին հայտնել Է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին:
«Ճապոնիան Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից և Թուրքիայից անմիջապես հետո նույնսպես սկսել է իրանական նավթ ներմուծել,- նրա խոսքը մեջբերել Է IRNA գործակալությունը:- Աստիճանաբար ածխաջրածինների առևտրից դրամամուտքերը կգան երկրի տնտեսություն»:
Նա նշել է, որ ԿԲ-ի և արտահանող ընկերությունների միջև ստորագրված համաձայնագրերի շնորհիվ «նաև կմեծանա Իրանի ոչ նավթային արտահանումը»:
«Ես հավաստիացնում եմ մեր քաղաքացիներին, որ պետությունը բավարար քանակությամբ արժութային պաշարներ ունի մարդկանց բազային պահանջմունքները լիովին ապահովելու համար»,- հավելել է նա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերալ համաձայնագրից: Նա նաև հայտնել է այս երկրի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին, այդ թվում՝ երկրորդային, այսինքն՝ մյուս այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: ԱՄՆ-ն օգոստոսի 7-ին վերստին գործարկել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը: Վաշինգտոնը հայտարարել է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու նպատակի մասին և դրա գնորդներին կոչ է արել հրաժարվել նման գնումներից:
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցները, որոնք ներառել են նավթի արտահանումը, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին: Ընդ որում՝ Վաշինգտոնը նավթային պատժամիջոցներից ժամանակավոր բացառություններ է տրամադրել Չինաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Հունաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին և Թուրքիային:
Մինչդեռ Եվրոպայում հանդես են գալիս միջուկային գործարքի պահպանման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:









































