Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որտեղ որոշում է կայացվել Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղարի դերը կստանձնի Արման Աբովյանը:
«Այս հարցում մենք շտապողականություն չենք ցուցաբերել: Այս հարցը չի ձգձգվել, սա այն հարցն էր, որ կարևորված էր մեր քաղաքական թիմի կողմից: ԲՀԿ-ն չէր լռում, մենք սովոր ենք ճիշտ ժամանակին գործել»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ հավելելով, որ թեկնածության մասին քաղաքական թիմն է որոշում կայացրել:
«Այսօր տեղի ունեցած ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում քննարկել ենք մի քանի կարևորագույն հարցեր, ինչպես նաև կուսակցության ղեկավարի կողմից, ով անձամբ էր ղեկավարում խորհրդի նիստը, հանձնարարականներ է տրվել՝ ժողովրդի հետ շփումն առաջիկայում ավելի զարգացնել՝ կարևորագույն հիմնախնդիրների հետ կապված խորքային ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով, որպեսզի մենք կարողանանք ժողովրդի կամքն ու կարծիքն ավելի ինտենսիվորեն ներկայացնել»,- նշեց մեր զրուցակիցը:
Վ. Էնֆիաջյանը հավաստիացրեց, որ ԲՀԿ-ն խորհրդարանում ծավալելու է ընդդիմադիր գործունեություն. «ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է, դա ակնհայտ է… Պետք է ունենանք բալանսավորված իշխանական բուրգ,- նշեց Վ. Էնֆիաջյանը: -Կառավարությանը քննադատելուց կաշկանդված չենք»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ ԲՀԿ-ն և «Իմ քայլը» պատրաստվում են համաձայնության հուշագիր ստորագրել, Վ. Էնֆիաջյանն ընդգծեց, որ այդ տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի և նման հարց չի քննարկվել:
Մանրամասն՝ տեսանյութում:







































