Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվեց Ռոբերտ Հ.-ի գործի դատական քննությունը:
Ռոբերտ Հ.-ն մեղադրվում էր շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Դեպքի պահին Ռոբերտը 22 տարեկան էր:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 15-ից մինչև 17-ը Ռոբերտ Հ.-ն Դավիթ Մալյան նրբանցքի շենքերից մեկում վիճաբանել է այդ շենքի բնակչուհի Ա. -ի հետ:
Վիճաբանության ընթացքում նա սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել տանտիրուհու դեմքին, կրծքին ու մարմնի այլ մասերին: Վնասվածքների պատճառով առաջացել է արյան սուր կորուստ, ինչի արդյունքում Ա. -ն մահացել է:
Դրանից հետո Ռոբերտը, ըստ մեղադրանքի, տիրացել է բնակարանում եղած 80 հազար դրամ կանխիկ գումարին ու 5 կտոր ոսկե զարդերին և դիմել է փախուստի:
Տուժող Ա. -ն եղել է Ռոբերտի սիրուհու՝ Մարինեի (անունը փոխված է) ընկերուհին: Մարինեն Ռոբերտից տարիքով բավական մեծ է եղել, ինչպես որոշ վկաներ են ասել՝ եղել է նրա մոր տարիքին:
Ըստ մեղադրանքի՝ տուժողի մարմնին հասցվել է դանակի 19 հարված… Դանակով հարվածելուց բացի՝ Ռոբերտը, ըստ քրեական գործի տվյալների, նաև բարձ է դրել տուժողի դեմքին՝ ցանկանալով շնչահեղձ անել նրան:
Հանցագործությունից հետո Ռոբերտը դիմել է փախուստի, մոտ չորս ամիս բացակայել է հանրապետությունից: Հետո վերադարձել է…
Ամբաստանյալ Ռոբերտ Հ.-ն և նրա շահերի պաշտպան Ս. Ասլանյանը համաձայն չէին առաջադրված մեղադրանքին, այդ մեղադրանքով Ռոբերտն իրեն մեղավոր չի ճանաչել:
Նախապես գործը հարուցվել էր պարզապես դիտավորյալ սպանության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, սակայն հետո մեղադրանքը խստացվել, դարձվել էր շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Պաշտպանական կողմի դիրքորոշումն այն է, որ Ռոբերտի կատարածը սպանություն է՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:
Գործի նախաքննության ընթացքում երկու անգամ դատահոգեբանական փորձաքննություն է անցկացվել:
Առաջին՝ ամբուլատոր փորձաքննության եզրակացությամբ՝ հանցագործությունը կատարելու պահին Ռոբերտ Հ.-ն եղել է… կումուլյատիվ աֆեկտի վիճակում:
Կրկնակի ստացիոնար դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Ռոբերտ Հ.-ն հանցանքը կատարելու պահին ո՛չ կումուլյատիվ, ո՛չ ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի գտնվել:
Այս անորոշ վիճակը պարզեցնելու նպատակով՝ ընդհանուր իրավասության դատարանն իր հերթին նշանակել էր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր հանձնաժողովային փորձաքննություն:
Այս անգամ ևս հստակ պատասխան չի տրվել դեպքի պահին Ռոբերտ Հ.-ի հոգեվիճակի վերաբերյալ հարցին, քանի որ դատահոգեբանական երկու փորձագետներից մեկը՝ Զարուհի Փերիխանյանը, եզրակացրել է, որ Ռոբերտը հանցանքը կատարելու պահին ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի գտնվել, իսկ մյուս փորձագետը՝ Վերժինե Տեր-Գասպարյանը, եզրակացրել է, որ Ռոբերտը գտնվե՛լ է… կումուլյատիվ աֆեկտի վիճակում: Մինչև անգամ դատական հոգեբույժները, խառնվելով ո՛չ իրենց ոլորտին, եզրակացրել են, որ հանցանքի պահին Ռոբերտ Հ.-ն աֆեկտի վիճակում չի գտնվել…
Դատարանը բավական տևական քննությունից հետո հայտարարել էր դատաքննության ավարտի մասին, նույնիսկ մեղադրական ճառով հանդես էր եկել մեղադրող դատախազը: Նա հաստատված էր գնահատել Ռոբերտ Հ.-ի մեղքը՝ ծանրացուցիչ հանգամանքներում՝շահադիտական դրդումներով կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, ու միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 16 տարի ազատազրկման: Այս միջնորդությանը միացել էր նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հ. Բաբայանը:
Ըստ ամբաստանյալի շահերի պաշտպանի՝ դատարանը պետք է վերաորակեր Ռոբերտ Հ.-ի արարքը՝ նրան մեղավոր ճանաչելով հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար:
Դատարանը խորհրդակցական սենյակից դուրս գալով՝հրապարակել էր որոշում՝ դատաքննությունը վերսկսելու, ևս մեկ անգամ հանձնաժողովային դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին:
Դատահոգեբանական չորրորդ փորձաքննությունն անցկացրած փորձագետների՝ Գայանե Շահվերդյանի և Դավիթ Գևորգյանի եզրակացությունը այս գործի վրա, այնուամենայնիվ, կոնկրետության լույս չսփռեց. այս փորձաքննության եզրակացությամբ էլ ո՛չ հաստատվել, ո՛չ ժխտվել է հանցանքի պահին Ռոբերտ Հ.-ի՝ ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում լինելու հանգամանքը: Դատական հոգեբանների համար «անլուծելի» դարձած թնջուկը դատական ակտով լուծել է ընդհանուր իրավասության դատարանը: Այս գործով մեկ անգամ ևս շոշափելի են դարձել դատական հոգեբանության ասպարեզում առկա որոշակի խնդիրները. քրեական գործով համոզիչ եզրակացության չհանգելու՝ մի հետաքրքիր իրավիճակի մեջ են ընկել այս ոլորտի փորձագետները:
Դատարանը, առկա եզրակացությունները և գործով ձեռք բերված ապացույցները համադրելով, եզրակացրել է, որ ամբաստանյալը հանցավոր արարքը կատարելու պահին չի գտնվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:
Միաժամանակ դատարանը եզրակացրել է՝ ուրիշի գույքին տիրանալու կամ այլ շահ ստանալու դիտավորությունը, շահադիտական դրդումը չի կարող այս գործով դիտվել որպես սպանությունը որակյալ դարձնող հանգամանք, քրեական գործով ձեռք չի բերվել հիմնավոր կասկածից վեր համոզվածություն, որ սպանությունը կատարվել է շահադիտական դրդումներով:
Դատարանը վերաորակել-մեղմացրել է Ռոբերտ Հ.-ին առաջադրված մեղադրանքը, նրան մեղավոր է ճանաչել ոչ թե շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այլ՝ պարզապես դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ռոբերտ Հ.-ն դատապարտվել է 10 տարի ազատազրկման: Այս պատժին լրիվ գումարվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հունվարի 16-ին կայացրած դատավճռով սահմանված 1 տարի ազատազրկումից՝ պատժի չկրած
մասը՝ 3 ամիս 23 օրը, և վերջնական պատիժ է սահմանվել 10 տարի 3 ամիս 23 օր ազատազրկում:
Պատժի սկիզբը՝ 2014 թվականի մարտի 7-ից:
Ռոբերտ Հ.-ից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 1 միլիոն դրամ՝ որպես տուժողի ընտանիքին պատճառված նյութական վնասի հատուցում:







































