ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կօգտագործի վետոյի իրավունքը, եթե Կոնգրեսը նոր պատժամիջոցներ սահմանի Իրանի դեմ միջուկային խնդրի կարգավորման հարցով բանակցությունների ընթացքում՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Եթե Կոնգրեսն օրենք ընդունի նոր պատժամիջոցների մասին, ես կօգտվեմ վետոյի իրավունքից: Մենք պետք է հնարավորություն ընձեռենք դիվանագիտությանը՝ հանուն մեր ազգային անվտանգության: Եթե իրանցի առաջնորդները չօգտագործեն այս հնարավորությունը, ապա ես առաջինը պատժամիջոցների խստացման կոչ կանեմ և պատրաստ կլինեմ օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի Իրանը միջուկային զենք չստեղծի»,- ասել է նախագահը Կոնգրեսին ուղղված ուղերձում:
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը չի բացառել, որ միջուկային ծրագրի հարցով Իրանի հետ բանակցությունները կարող են անհաջող ավարտ ունենալ:
«Այդ բանակցությունները բարդ կլինեն: Դրանք կարող են հաջող չլինել: Մենք գիտենք, որ Իրանն աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին, ինչպիսին է «Հըզբոլլահ»-ը, որը սպառնում է մեր դաշնակիցներին»,- ասել է Օբաման՝ հավելելով, որ այդ բանակցությունները հիմնված են վստահության վրա:







































