Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին՝ ընդգծելով, որ ռուսական կողմը կառուցողական երկխոսության է տրամադրված: «Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի նոր խորհրդարանի ու ձևավորվելիք կառավարության հետ՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել մեր երկրների միջև փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում»,- ասել է խոսնակը:
Նա նշել է, որ ըստ դիտորդների տված գնահատականի՝ ընտրություններն անցկացվել են օրենսդրությանը համապատասխան՝ առանց քվեարկության ելքի վրա ազդող լուրջ խախտումների:
Մոսկվայի արձագանքը բոլոր առումներով արտառոց է, որն ավելի ինտրիգային է դարձնում իրավիճակը։
Երրորդ հանրապետության պատմության մեջ չի եղել նախադեպ, երբ Ռուսաստանը Հայաստանի ընտրություններին անդրադառնա նման ցածր մակարդակով։ Ընդ որում, ուշագրավ է, որ Զախարովան Հայաստանի ընտրություններին ոչ թե անդրադարձել է առանձին հայտարարությամբ, այլ Մոսկվայի տեսակետը հնչեցրել է ասուլիսի ընթացքում, որտեղ շոշափվել են բազմաթիվ հարցեր։ Այլ խոսքով՝ Հայաստանի ընտրությունների թեման տարրալուծվել է միջազգային քաղաքականության շատ ավելի կարևոր հարցերի մեջ։
Հայաստանյան ընտրություններին արձագանքը ԱԳՆ խոսնակի մակարդակով արդեն իսկ անկարևոր է դարձնում Զախարովայի խոսքի բովանդակությունը, որովհետև երբ դաշնակից երկիրն ընտրում է հարաբերվելու այս մակարդակը, ապա դա ինքնին դիվանագիտական ապտակ է Երևանին կամ առնվազն նրան հասցեագրված կոնկրետ ակնարկ, ուղերձ։
Այնուամենայնիվ՝ նույնիսկ ՌԴ ԱԳՆ խոսնակի խոսքում չկա շնորհավորանքի որևէ ակնարկ ու ընդամենը հղում է արվում դիտորդական եզրակացությունների վրա։ Զախարովան շեշտադրում է արել եվրասիական ինտեգրացիոն կառույցներում համագործակցության անհրաժեշտության վրա՝ ըստ էության չխոսելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների, դրանց զարգացման անհրաժեշտության մասին։ Մոսկվան, ըստ ամենայնի, չի ցանկանում կամ չի կարողանում թաքցնել իր դժգոհությունը Նիկոլ Փաշինյանի կառավարությունից։
Արդեն ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորքային ճգնաժամ, ու Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ընդամենը առիթ էին, որոնք բացահայտեցին իրավիճակը։ Ընդ որում՝ Մոսկվայի ակնհայտ դժգոհությունն ըստ ամենայնի բազմաշերտ է ու իր մեջ պարունակում է մի քանի բաղադրիչներ։
Քաղաքակրթական հարթության վրա Մոսկվան իր վերաբերմունքն է արտահայտում հայկական հեղափոխության, դրա արդյունքների կապիտալիզացիայի վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինն ըստ էության չէր կարող խանդավառված ողջունել հեղափոխության վերջնական հաղթանակը Հայաստանում։ Հայաստանում ձևավորվել է խորհրդարան, որն ըստ էության սահմանափակել է Ռուսաստանի ազդեցության դաշտը. ՀՀԿ-ին կամ Ռոբերտ Քոչարյանին երկրորդ բևեռ դարձնելու ռուսական ծրագրերն ըստ էության ի դերև են եղել, իսկ սպասվող համակարգային բարեփոխումները կարող են զրոյացնել Ռուսաստանի օլիգարխիկ սեգմենտի ազդեցությունը Հայաստանում։
Եվ վերջապես՝ Նիկոլ Փաշինյանի նոր քաղաքականությունը եվրասիական կառույցներում անհանգստացնում է Մոսկվային, որովհետև Հայաստանը ռուսական սատելիտից վերածվում է ինքնուրույն քաղաքականություն վարող սուբյեկտի, ինչն ամենևին չի տեղավորվում Մոսկվայի օրակարգում։
Ամեն դեպքում՝ հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հիմնական շահառուն Ադրբեջանն է, որը փորձելու է օգտվել այս իրավիճակից, ու պաշտոնական Երևանը պետք է անի առավելագույնը իրավիճակը բնականոն հուն վերադարձնելու համար։









































