«Առաջին լրատվական»- ի հետ նախընտրական քննարկմանը մասնակցեցին Նարեկ Զեյնալյանը՝ «Իմ քայլը» դաշինքից, Մկրտիչ Մկրտչյանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից և Մարինա Խաչատրյանը՝ ԲՀԿ-ից: Նրանց դիտարկմամբ՝ այս ընտրություններին բարձր մասնակցություն կլինի, քանի որ քաղաքացիների հետաքրքրվածությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նկատմամբ՝ ի տարբերություն նախորդ ընտրությունների, մեծ է:
Անդրադառնալով առողջապահության ոլորտին, Մ. Մկրտչյանը նշեց, որ անցած 30 տարիների ընթացքում այս ոլորտում և՛ առաջընթաց է գրանցվել, և՛ կորուստներ: Մարինա Խաչատրյանը նկատեց, որ առողջապահության ոլորտը, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներ, բևեռացված է մայրաքաղաքում:
Նարեկ Զեյնալյանը կարծիք հայտնեց, որ ոլորտում առկա խնդիրները հիմնականում պայմանավորված են եղել ոլորտի պատասխանատու անձերով. «Այնինչ պետք է լինի ռազմավարական ուղղություն, մեկ տեսլական և խնդիրները լուծելով՝ պետք է գնալ դեպի նորմալ առողջապահություն»:
Մ. Մկրտչյանի դիտարկմամբ՝ հաշվի առնելով, ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում կյանքի ցածր կենսամակարդակ ունեցող ընտանիքների թիվը, աղքատությունը՝ բնակչության շատ ցածր տոկոսը կարող է լիարժեք բուժսպասարկումից օգտվել: Ավելին. «Ունենք մի խավ, որն ընդհանրապես այդ ոլորտին մոտենալու, անգամ բուժզննման հնարավորություն չունի: Ապահովագրական բժշկությունը կարող է լուծել շատ խնդիրներ: Պետպատվեր ասվածը, ըստ էության, չի գործում, այդ գումարը փոշիանում է: Փոքր գումար է տրամադրվում, մինչդեռ կա մեծ պահանջարկ»:
Մ. Խաչատրայնը նշեց, որ պետությունը պարտավոր է հոգ տանել բոլոր քաղաքացիների մասին: Նա նաև ընդգծեց, որ բժշկությունը, առողջապահությունը և բիզնեսը պետք է տարանջատել: «Առողջապահությունը չպետք է դիտարկել որպես բիզնեսի, գումար վաստակելու ոլորտ: Առողջապահության ոլորտում պետք է ներդրումներ անել առողջ բնակչություն, առողջ սերունդ ունանալու, ոչ թե հետագայում գումար աշխատելու համար… Ոչ մեծ գումարով կարելի է ապահովագրել յուրաքանչյուրի առողջությունը»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































