Քարոզարշավը սուր շրջան է մտել: Ցայտուն ընդգծվում է Նիկոլ Փաշինյանի թիմի և ՀՀԿ հակամարտությունը: Քանի որ ՀՀԿ-ն է արմատական ընդդիմությունը, Նիկոլ Փաշինյանի հետ հիմնական վեճը ծավալվում է ՀՀԿ-ի հետ: Բայց ես հիմա տեսնում եմ, որ բացվում է երկրորդ ֆրոնտ: Դրանք մնացած 9 կուսակցություններն են, որոնք դեմ չեն Փաշինյանին, բայց սպիպված են քննադատել, որ երևան, ընդգծեն իրենց․ tert.am-ի հետ զրույցում ասել է սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը:
Նա նշել է, որ 9 կուսակցությունները քննադատում են Փաշինյանին, որ ընտրողի մոտ տպավորություն չստեղծվի, թե «կարող էին միանալ»:
«Գաղափարական տարաձայնություններ այդ ուժերը Նիկոլ Փաշինյանի թիմի հետ չունեն: Կարծում եմ, որ ընտրողի տեսանկյունից նրանց մոտ չի ստացվում քննադատել Փաշինյանին: Մարդիկ պարզ են մտածում, չեն ընկալում այդ ուժերին որպես ընդդիմություն: Միակ արմատական ընդդիմությունը մարդկանց համար ՀՀԿ-ն է, դրա համար ծավալվում է Փաշինյան-ՀՀԿ բանավեճ»,- նշել է սոցիոլոգը:
Գևորգ Պողոսյանը միանգամայն ճիշտ է, որովհետև եթե նույնիսկ կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են ծրագրային քարոզարշավ իրականացնել՝ հասարակության մեծամասնությունը դրա նկատմամբ անտարբեր է ու կլանված հետևում է «Իմ քայլը» դաշինքի ու ՀՀԿ-ի հակադրությանը։
Ընդ որում՝ այդ հակադրությունը երեկվանից տրանսֆորմացվել է փոխադարձ ոչնչացման մրցավազքի։ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին մեղադրում է պետական դավաճանության մեջ, Արարատ Միրզոյանը ՀՀԿ-ին անվանում է «հանցագործների բանդա»։ Այսօր, իհարկե, Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի համայնքներում էր ու փորձում էր կենտրոնանալ ավելի կենսական խնդիրների վրա, սակայն հիմա էլ հակադրության կրակը վառ պահեց ՀՀԿ-ն։
«Վարչապետն ի՞նչ է, Հայաստանը ուզում է սարքի 30-ականների Գերմանիան, ինքը ուզում է դառնալ Հիտլերը, ԱԱԾ-ն էլ՝ Գեստապոն: Հերիք է, ասելիք չունեք, ուրեմն լռեք»,- այսօր ֆեյսբուքյան եթերում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ-ի ու նրա գործիչնեի ասելիքը մեզ բացարձակապես հետաքրքիր չեն, որովհետև, մեծ հաշվով, քրեաօլիգարխիայի այս ցուցանակը գտնվում է պատմության արխիվացման փուլում, եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով կամ հեղափոխության թիմի մեղքով հայտնվի խորհրդարանում։ Մեզ ավելի շատ հուզում է «Իմ քայլը» դաշինքի քարոզչական մարտավարությունը, որը լուրջ մտահոգություններ է ծնում։
Նիկոլ Փաշինյանի թիմն առաջիկա ընտրություններում հաղթելու է՝ ունենալով նույնիսկ սահմանադրական մեծամասնություն․ սրանում որևէ մեկը չի կասկածում, սակայն այս քարոզարշավը բացահայտեց կառավարող դաշինքի ինստիտուցիոնալ, բովանդակային թուլությունը։
Նիկոլ Փաշինյանի թիմն այս քարոզարշավի օրակարգ թելադրողը չէ՝ գոնե առայժմ, և հակադարձում է այն թեզերին, որոնք շրջանառու են դարձնում ՀՀԿ գործիչները։ Պատկերավոր ասած՝ «Իմ քայլը» յոթ երգ գիտի, յոթն էլ՝ ՀՀԿ-ի մասին ու փորձում է հասարակությանը կոնսոլիդացնել նախկին համակարգի նկատմամաբ ատելության ֆոնին։ Ու ողբերգությունն այն է, որ ՀՀԿ-ն էլ բովանդակային ասելիք չունի և ստացվում է սուր արտահայտված հակադրություն՝ առանց քաղաքական բաղադրիչի։
Տրամաբանական է ենթադրել․ որ այս իրավիճակը ստեղծվել է երկու հիմնական պատճառով։ Կամ՝ հեղափոխության թիմը ինստիտուցիոնալ տկարություն է ունեցել ու անցած վեց-յոթ ամիսներին չի կարողացել այնպիսի համատեքստ ստեղծել, որը կբացառեր հակահեղափոխության ռևանշի նման դրսևորումը, կամ էլ՝ Հայաստանի գործող կառավարությունը չունի ռացիոնալ այցեքարտ ու իր «կենսունակությունն» ապահովում է ՀՀԿ-ին «քլնգելով»։
Դժվարանում ենք պնդել, թե որ վարկածն է ճշմարիտ, սակայն հեղափոխության թիմն է մեղավոր, որ «հանցագործների բանդան» քաղաքական ամբիցիաների մասին է բարձրաձայնում ու դեռ հանդգնում է Փաշինյանին համեմատել Հիտլերի հետ։ Բնական է, որ եթե բանդան հանդես է գալիս կուսակցություն ցուցանակի տակ, ապա Փաշինյանն էլ կարող է համեմատվել Հիտլերի հետ։
«Իմ քայլը» դաշինքի պատասխանատվությունը կրկնակի կդառնա, եթե ՀՀԿ-ն հանկարծ անցնի խորհրդարան։ Եթե Նիկոլ Փաշինյանի թիմին թվում է, որ իր կյանքն ավելի «հարմար» կլինի, եթե ընդդիմության դերում ունենան «հանցագործների բանդային», ապա ահազանգենք, որ նման ոչ քաղաքական ու այլընտրանք չպարունակող երկընտրանքը մարտահրավեր է՝ եթե ոչ կոնկրետ իշխանությանը, ապա հեղափոխությանը, որովհետև խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կամրագրվի, որ Հայաստանում ռեստավրացվել է ոչ թե քաղաքականությունը, այլ հին համակարգի կողմնակիցների խմբավորումը՝ առայժմ խորհրդարանական փոքրամասնության դեմքով։
Համենայն դեպս, քարոզարշավը ոչ մի լավ բան չի ենթադրում, երբ դրա հերոսները դառնում են «Հիտլերն» ու «հանցագործների բանդան»։
Լուսանկարը՝ Photolure-ի








































