«Նախկին իշխանությունների համար ես անկառավարելի էի: ՀՀԿ-ի օրոք ես հալածվել եմ, որովհետև իրենց դուդուկի տակ չեմ պարել»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ի նախընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը՝ հավելելով, որ ՀՀԿ- ի օրոք ընտությունների ժամանակ կրակում էին, քանի որ իշխանությունները շարքային մարդկանց հրահրում էին: «2007-ին ինձ չգրանցեցին որպես պատգամավորի թեկնածու, դա Քոչարյանի ժամանակ էր, նա նենգ մարդ է, ամեն ինչ անում էր, որ միայն իր նպատակներին հասնի՝ ալան-թալաններն անի: Ես Աժ-ում խոսում էի նրանց դեմ, նրանց համար անցանկալի պատգամավոր էի»,- նշեց Հ. Հակոբյանը:
«Գնում ենք ԱԺ՝ պաշտպանելու ժողովրդի իրավունքները, բոլորս գիտենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա մինչև հիմա լոկ խոսք է եղել, իսկ հեղափոխությունից հետո իսկապես իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եվ եթե ես ընտրվեմ պատգամավոր, լինելու եմ իմ ժողովրդի կողքին, ամեն ինչ անելու եմ, որ պետությունն ամեն ինչ անի ի շահ ժողովրդի: Թույլ չենք տալու բոլոր այն անօրինականությունները, որոնք դարձել էին սովորություն: Եթե ոտնահարվեն ժողովրդի իրավունքները, պատժելու ենք: Պարոն Փաշինյանը շատ ճիշտ է ասում՝ պառկեցնելու ենք ասֆալտին, խփելու ենք պատերին: Նույնը ես եմ անելու, ես էլ եմ պառկեցնելու ասֆալտին, ես էլ եմ խփելու պատերին՝ ի շահ ժողովրդի, որն այսքան տարի չի զգացել, որ այս պետության տերը, իշխանությունն ինքն է: Մենք օգնելու ենք պարոն Փաշինյանին, նրա նպատակներն ազնիվ են»,- ընդգծեց նախկին պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում:







































