Moody’s գործակալությունը պահպանել է Ֆրանսիայի սուվերեն վարկային վարկանիշը Aa1 մակարդակի վրա: Վարկանիշի կանխատեսումը բացասական է` ասվում է վարկային գործակալության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Moody’s-ի փորձագետները վատ են գնահատում Ֆրանսիայի կառավարության կողմից անցկացրած տնտեսական և ֆինանսական բարեփոխումները և չեն բացառում, որ երկրի վարկանիշը կարող է իջեցվել:
Գործակալության մասնագետներն ուշադրություն են դարձրել նաև երկրի քաղաքական և սոցիալական ոլորտում առկա լարվածության վրա:
Նախքան Moody’s-ի հաղորդագրությունը Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Պյեր Մոսկովիսին հայտարարել է, որ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի գործակալության գնահատականը, այն չի խոչընդոտի Ֆրանսիային հաջող կերպով արդիականացում կատարել:







































