Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

1999 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Ստեփանակերտ-Երևան ճանապարհին կրակոցով սպանել են 7,5 միլիոն դրամ տեղափոխող «ԿամԱԶ»-ի վարորդին ու հափշտակել գումարը

«Մրակած» կոոպերատիվի վարորդներն իրենց «ԿամԱԶ»-ներով Երևանից բենզին էին տեղափոխում Ստեփանակերտ: Բենզինի արժեքը Ստեփանակերտից Երևան էր հասցնում վարորդներից որևէ մեկը: Փողը քիչ չէր՝ կարող էր մինչև մի քանի տասնյակ միլիոն դրամ լինել… Եվ այդ գումարը երկար ճանապարհ էր կտրում-անցնում ոչ թե հատուկ մեքենայով, այլ ընդամենը բենզին տեղափոխող «ԿամԱԶ»-ով՝ առանց պահպանության և առանց անվտանգության ապահովման որևէ միջոցի:

Այսինքն՝ առանձնապես խոշոր գումար տեղափոխող վարորդն ու նրա մեքենան լիովին անպաշտպան էին, երկար ճանապարհին ցանկացած պահի կարող էին ենթարկվել հարձակման:

Հերթական անգամ վարորդներից՝ Վիտալի Հ.-ին էր վստահվել բենզինի արժեքի տեղափոխումը Ստեփանակերտից Երևան:

1999 թվականի ապրիլի 23-ն էր: Ճանապարհին Վիտալի Հ.-ի մեքենան հարձակման է ենթարկվել: Հարձակվողները հաստատ գիտեին, թե ինչ կար Վիտալիի մոտ: Հարձակումն ու վարորդի սպանությունը պատահականություն չէին…

Ճամփեզրին կանգնած «ԿամԱԶ»-ին առաջինը մոտեցել էր նույն՝ «Մրակած» կոոպերատիվի վարորդ Ալբերտ Գ.-ն: Նա իր «ԿամԱԶ»-ով Երևանից վերադառնում էր Ստեփանակերտ: Ալբերտն էր ահազանգել, որ իրենց կոոպերատիվի «ԿամԱԶ»-ում, որ կանգնած է Ստեփանակերտ-Երևան ճանապարհի եզրին, վարորդ Վիտալիի դիակն է: Վիտալին թեք ընկած էր մեքենայի խցիկում, գլխի վերքի շուրջ արյունը մգացել էր: Պատուհանի ապակին՝ վարորդի կողմից, ջարդված էր…

Ալբերտն էր իրավապահներին ասել, որ Վիտալիի մեքենայում մեծ գումար պիտի լինի՝ այս անգամ նա էր Ստեփանակերտից Երևան տեղափոխում բենզինի վաճառքի գումարը: Սակայն Վիտալիի մեքենայի մեջ փող չկար…

Ոստիկանությունում Ալբերտ Գ.-ն նկատելիորեն շփոթահար՝ պատմում էր ապրիլի 22-23-ի իրադարձությունների մասին:

Նա հայտնել է, որ Վիտալիին վերջին անգամ տեսել էր Ստեփանակերտում: Ճամփա էին ընկնելու Երևան: «Ճամփին ինձ թվաց՝ Վիտալին ինձանից առաջ է ընկել: Բայց երբ հասա Երևան, իմացա, որ Վիտալին դեռ տեղ չի հասել: Ինձ հարցրին՝ ճամփին տեսե՞լ ես Վիտալիին: Ասի՝ չէ…»:

Պարզվել է՝ Ստեփանակերտից Երևան գնալիս Ալբերտ Գ.-ն կանգնել է մեքենան բենզին լցնելու: Հայտնի է դարձել՝ որ ժամին է նա բենզին լցրել: Հայտնի է դարձել նաև, թե որ ժամին էր Ալբերտը հասել Երևան: Վիտալիի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ
մոտավորապես հայտնի է դարձել մահը վրա հասնելու ժամը: Ժամանակային վերլուծությունից ստացվում էր, որ Վիտալիի հետևից ընթացող Ալբերտը Երևան ընթանալիս պիտի որ տեսած լիներ հարձակման ենթարկված մեքենան ու սպանված գործընկերոջը: Ինչո՞ւ էր Ալբերտը Վիտալիի դիակը «հայտնաբերել» Ստեփանակերտ վերադառնալու ճանապարհին…

Պարզվել է՝ Ալբերտ Գ.-ն իր մեքենայով Ստեփանակերտից Երևան էր բերել ծանոթի տղային: Նույն տղայի հետ էլ ճամփա էր ընկել դեպի Ստեփանակերտ:

Տղան իրավապահներին հայտնել է, որ Ստեփանակերտից Երևան ընթանալիս ճամփեզրին տեսել են մի «ԿամԱԶ», ինքը Ալբերտին հարցրել է՝ ձեր մեքենաներից չի՞: Ալբերտն իջել է, մոտեցել է կանգնած մեքենային, տեսել է սպանված Վիտալիին, վերադարձել է այլայլված, տղային ասել է՝ մարդու բան չասես…

Հասել են Երևան: Բենզաբազայում Ալբերտն ասել է, թե Վիտալիին չի տեսել: Իսկ երբ ուղևորվել է Ստեփանակերտ, նույն տեղում դեռ կանգնած էր Վիտալիի «ԿամԱԶ»-ը: Այս անգամ Ալբերտը տղային նստեցրել է ուրիշ մեքենա, ուղարկել է Ստեփանակերտ, ինքը կատարվածի մասին ահազանգել է իրավապահներին…

Ինչո՞ւ էր նա ստել Երևանում: Ինչո՞ւ սպանված Վիտալիին տեսնելուն պես աղմուկ չէր բարձրացրել…

Հարցաքննություններից մեկի ժամանակ Ալբերտը չի կարողացել զսպել իրեն ու բացականչել է. «Վարորդին սպանելու մասին պայմանավորվածություն չկար…»: Հետո ինքն էլ անակնկալի է եկել իր բացականչությունից ու գլուխն առել է ափերի մեջ…

Հենց «Մրակած» կոոպերատիվի վարորդ Ալբերտ Գ.-ն էր օրերից մի օր իր մորաքրոջ որդի Գրիշային պատմել, թե Ստեփանակերտից Երևան ի՜նչ գումարներ են տեղափոխում անպաշտպան «ԿամԱԶ»-ով՝ 50-60 միլիոն դրա՜մ…

Գրիշա Բ.-ն նախկինում երկու անգամ դատապարտվել էր: Երկրորդ անգամ 1977 թվականին 7 տարի ազատազրկման էր դատապարտվել ավազակային հարձակման համար: Ալբերտի պատմությունը՝ «ԿամԱԶ»-ներով տեղափոխվող տասնյակ միլիոնների մասին Գրիշային ոգևորել է: Նա մի քիչ մտածել ու Ալբերտին առաջարկել է. «Ռազբոյ չանե՞նք»:

Ալբերտն էլ էր նախկինում երկու անգամ դատապարտվել: Բայց՝ համեմատաբար թեթև հանցարարքների համար: Նա մերժել է Գրիշայի առաջարկը. «Ռազբո՞յ, չէ՜, ինձանից ի՞նչ ռազբոյնիկ: Ես փողի տեղն ասի, մնացածը՝ դու գիտես…»:

Ալբերտը Գրիշային խոստացել է, որ հաջորդ ուղերթին Ստեփանակերտում կմտնի Արթուր Ա.-ի սրճարան ու կհայտնի, թե ո՞ր համարանիշի մեքենան է գումարը տեղափոխում: Արթուր Ա.-ն պիտի խորհուրդ տար, թե ում կարելի է ներգրավել այդ գործի մեջ:

Արթուր Ա.-ն նախկինում դատված չէր: Բայց «ԿամԱԶ»-ով տեղափոխվող գումարների մասին պատմությունը նրան գայթակղել է: Նա փայլող աչքերով նայել է Գրիշային. «Մեքենա ու վստահելի վարո՞րդ ա պետք… Մի լավ ծանոթ ունեմ՝ Վալերիկ Շ.-ն: Կկանչեմ, կխոսեմ հետը…»:

Գրիշան ոգևորվել է. «Լավ հիշացրիր: Վալերիկ… Մի Վալերիկ էլ կա՝ Վալերիկ Դ.-ն: Ռազբոյով իրար հետ ենք դատել: Վալերին առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչեցին, բայց ի՞նչ առանձնապես… Մեր Վալերն ա, էլի…»:

Վալերի Շ.-ի հետ ծանոթությունը կայացել է Արթուր Ա.-ի սրճարանում:Պայմանավորվածություն են ձեռք բերել:

1999 թվականի ապրիլի 19-ին Գրիշա Բ.-ն ու Վալերի Դ.-ն Վալերի Շ.-ի մեքենայով ուղևորվել են Գորիս: Արթուրն իր «Նիվայով» ուղեկցել է նրանց, բաժանման պահին նա «Մակարով» ատրճանակ է տվել Գրիշային:

Գրիշան ու Վալերի Դ.-ն հյուրընկալվել են Վալերի Շ.-ի տանը: Այնտեղ պիտի մնային ու սպասեին, մինչև Արթուրը լուր տար՝ գումար տեղափոխելու օրվա ու տեղափոխող մեքենայի համարանիշի մասին: Արթուրը լուրը պիտի հասցներ Վալերի Շ.-ին, վերջինս էլ Գրիշային ու Վալերի Դ.-ին վերցնելով՝ պիտի հասներ միլիոններին…

Վալերի Շ.-ի տանը Գրիշան ցույց է տվել Արթուրի տված ատրճանակը. «Արթուրը տվեց, սրանով ավելի հանգիստ կլինենք»: Վալերի Շ.-ն կտորից երկու դիմակ է ճարել, տվել է Գրիշային:

Ապրիլի 22-ին Ալբերտը անհրաժեշտ տեղեկատվությունը հաղորդել է Արթուրին, Արթուրն անձամբ հասել է Գորիս, լուրը հասցրել է Վալերի Շ.-ին ու վերադարձել է Ստեփանակերտ:

Վալերի Շ.-ն Գրիշային ու Վալերի Դ.-ին իր մեքենան նստեցնելով՝ ուղևորվել է Երևան: Նրանց նպատակը Երևան հասնելը չէր: Նրանք ճանապարհին փնտրում էին «Ա 13-02 ՆԿ» պետհամարնիշով «ԿամԱԶ»-ը: Սակայն այդ համարանիշով «ԿամԱԶ» նրանց չի հանդիպել, նրանք հասել են Երևան, բայց իրենց հետաքքրող «ԿամԱԶ»-ը բենզաբազայում էլ չեն գտել: Բազայում ասել են, թե այդ մեքենան Ստեփանակերտից դեռ տեղ չի հասել:

Վալերի Շ.-ի մեքենան նորից ուղևորվել է Գորիս: Կեսգիշերն անց էր: Արդեն ապրիլի 23-ն էր: Եռյակը ամբողջ ճանապարհին իրենց հարկավոր «ԿամԱԶ»-ն էր փնտրում…

Վայքի բենզալիցքավորման կայանում Գրիշան նկատել է մորաքրոջ որդու՝ Ալբերտի «ԿամԱԶ»-ը: Ալբերտը, Գրիշային տեսնելով գիշերվա այդ ժամին, անհանգստացել է՝ ի՞նչ պիտի ասի, միլիոնները կարողացե՞լ են ձեռք գցել…

Բայց Գրիշան զայրացած դիմել է Ալբերտին. «Քո ասած համարներով «ԿամԱԶ» ճամփեքին չկա ու չկա: Հասել ենք Երևան ու հետ ենք եկել»:

Ալբերտը զարմացել է. «Վիտալին ինձանից առաջ ա դուրս էկել: Երևի չեք նկատել, բաց եք թողել, հնարավոր չի…»:

Գրիշան ավելի է զայրացել, գնացել, նստել է Վալերի Շ.-ի մեքենան ու կարգադրել է՝ ավտոն թեքի դեպի Երևան…

Հոգնած ու զայրացած եռյակը նորից բռնել է Երևանի ճամփան: Եվ Տիգրանաշեն գյուղի ճանապարհի աջ մասում հանկարծ նկատել են մի մեքենայի ուրվագիծ: Լուսավորել ու տեսել են՝ իրենց փնտրած համարն է…

Առավոտյան ժամը 6-ն էր: Գրիշա Բ.-ն ու Վալերի Դ.-ն վերցրել են դիմակները, սպորտային մեծ պայուսակը: Վալերի Շ.-ին պատվիրել են մեքենան վարել դեպի Երևան ու մի տասը րոպեից վերադառնալ իրենց մոտ…

Գրիշան ու Վալերի Դ.-ն դիմակներով փակել են իրենց դեմքերը: Գրիշան ճամփեզրից մի քար է վերցրել: Մոտեցել են «ԿամԱԶ»-ին: Գրիշան բարձրացել է մեքենայի ոտնակին: Վարորդը՝ Վիտալի Հ.-ն, քնած էր: Գրիշան ձեռքի քարով ջարդել է պատուհանի ապակին: Վիտալին արթնացել է, տեսել է դիմակավորներին: Զգացել է, որ ծուղակում է: Վիտալիին ուղղված ատրճանակը ոստոստում էր, դիմակավորը խռպոտ ձայնով ասում էր. «Փողերը տո՛ւր, շո՛ւտ արա»:

«Փող չկա»,- ասել է վարորդը՝ փորձելով ժամանակ շահել ու հուսալով, որ ճանապարհին ինչ-որ մեքենա կհայտնվի:

Ատրճանակովը նկատել է վարորդի կողքին դրված ստվարաթղթե արկղը՝ հասարակ արկղ էր՝ մեջը՝ միլիոննե՜ր…

Գրիշան վերցրել է արկղը, հանձնել է Վալերի Դ.-ին՝ «Տա՛ր»: Վալերիի հեռանալու հետ հնչել է կրակոցը՝ ընդամենը մի կրակոց: Գրիշան նայել է անշնչացող վարորդին: Հետ է նայել՝ Վալերի Շ.-ն վերադառնում էր…

Նրա մեքենայի մեջ փողը հաշվել են: Ստվարաթղթե արկղի պարունակությունը նրանց փոքր-ինչ հիասթափեցրել է՝ ընդամենը՝ 7,5 միլիոն դրամ՝ սպասված 50-60 միլիոնի փոխարեն… Բայց 7,5 միլիոն դրամն էլ բավական էր, որ հինգ հոգի իրենց միլիոնատեր զգար 1999 թվականին…

Վալերի Շ.-ն Գրիշային ու Վալերի Դ.-ին հասցրել է Մասիս, ստացել է իր հասանելիքը ու մեկնել է Գորիս: Նա իր բաժին աշխատանքը կատարել ու «վարձատրվել էր»…

Գրիշա Բ.-ն գնացել է քրոջ տուն: Մահճակալի տակ սև օրվա համար աննկատ թողել է 500 հազար դրամ: Հետո այցելել է ընկերոջը, որպես ընկերական օգնություն՝ 100 հազար դրամ է տվել ու խնդրել է օժանդակել՝ 5 միլիոն դրամը դոլարով փոխանակելու հարցում:

Ընկերը հետաքրքրվել է՝ կեղտո՞տ փող է: «Հա»,- չի թաքցրել Գրիշան: Ընկերը չի ցանկացել օժանդակել. «Գործ չունեմ»:

Գրիշան ու Վալերին մեկնել են Երևան, հետո՝ Ստեփանակերտ…

Այդ ընթացքում Ալբերտ Գ.-ն ու Արթուր Ա.-ն արդեն կալանավորված էին: Սպանությունը բացահայտվել էր: Վալերի Դ.-ն կալանքի տակ է առնվել մայիսի 30 –ին: Հունիսի 1-ին կալանքի տակ է առնվել Վալերի Շ.-ն:

Գրիշա Բ.-ն որոշ ժամանակ հետախուզման մեջ էր: Այդ ընթացքում նա նույնիսկ հասցրել է դառնալ ՌԴ քաղաքացի: Բռնվել է երևանյան մի սրճարան մտնելու պահին, կալանավորվել է սեպտեմբերի 13-ին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակը՝ այն նույն «Մակարովը»…

Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը 1999 թվականի սեպտեմբերի 28-ին Արթուր Ա.-ին դատապարտել է 12 տարի, Ալբերտ Գ.-ին՝ 11 տարի, Վալերի Շ.-ին՝ 12 տարի ազատազրկման: Վալերի Դ.-ն դատապարտվել է 14 տարի ազատազրկման, առաջին 2 տարին՝ բանտային ռեժիմով:

Նույն դատարանը 1999 թվականի հոկտեմբերին Գրիշա Բ.-ին դատապարտել է 15 տարի ազատազրկման՝ առաջին 3 տարին՝ բանտային ռեժիմով:

Վերաքննիչ քրեական դատարանը մի փոփոխություն է կատարել այս գործով առաջին ատյանի դատավճիռներում՝ Վալերի Շ.-ի վարած «06»-ը, որպես հանցագործության գործիք՝ բռնագրավվել է հօգուտ պետբյուջեի:

Վալերի Շ.-ն վճռաբեկ բողոք է ներկայացրել. «Որքան տհաճ նստվածք է թողնելու այն փաստը, որ մեզ մոտ՝ ՀՀ-ում, կարող են անմեղ մարդուն դատապարտել 12 տարի ազատազրկման: Մի՞թե դա վանդալիզմ չէ, մի՞թե դա անհավատալի չի լինի արտասահմանյան իրավաբանների համար:

Նրանք կհամոզվեն, որ մեր Հայաստանը գտնվում է դեռ միջնադարյան զարգացման մակարդակում… Հիշում եմ, այդպես դատապարտեցին Էդմոն Դանտեսին, այդպես դատապարտում են նաև ինձ: Մի՞թե Նուարտիեն իմ դատախազի հայրն է, և անմեղ՝ ինձ դատապարտեցին 12 տարով…»:

Վճռաբեկ դատարանը մերժել է այս գեղարվեստական բողոքը և անփոփոխ է թողել դատավճիռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում