Կաթողիկոսի անվտանգության պետական ապահովման մասին հանրապետական պատգամավորների նախաձեռնած օրինագծի քվեարկության տապալումից հետո ՀՀԿ-ն լքել է դահլիճը՝ բոյկոտելով ԱԺ նիստը և տապալելով մյուս քվեարկությունները: Իրականում մեծ է կասկածանքը, որ գործ ունենք նախընտրական շահարկման հետ, որում ՀԱԵ-ն իջեցվում է ներքաղաքական մանրախնդիր հարաբերությունների մակարդակի՝ բերվելով մանիպուլյատիվ քարոզչության դաշտ:
Հավանաբար ճիշտ կլիներ, որ խոսեր Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հորդորելով բոլոր քաղաքական ուժերին՝ եկեղեցին զերծ պահել ներքաղաքական շրջանառությունից, եթե անգամ դա արվում է ապաքաղաքական ցանկությամբ։
Խորհրդարանական բանավեճի պատճառ դարձած հարցի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, կառավարման մասնագետ, վերլուծաբան Սերոբ Անտինյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, լրագրող Գայանե Աբրահամյանը:
Գ. Աբրահամյանի դիտարկմամբ՝ կաթողիկոսի անվտանգության պետական ապահովման թեման այն մանիպուլյացիաներից է, որ վերջին ամիսներին ՀՀԿ-ն օգտագործում է:
Ս. Սաֆարյանի խոսքով՝ ՀՀԿ-ն չի կարող խոսել կոռուպցիայից, մենաշնորհներից, տնտեսությունից և չի կարող քննադատել այս կառավարությանը. «Հանրապետականներին «անխոցելի» են դարձնում միայն հետևյալ թեմաները՝ սեռական փոքրամասնությունների հարցը, կրոնական ինքնության թեման և Ղարաբաղի հարցը: Նրանք առաջ են քաշում այն թեզը, որ Ն. Փաշինյանը տալու է կամ արդեն տվել է Ղարաբաղը, երկրորդ թեզն այն է, որ Ն. Փաշինյանը կամ այս հեղափոխությունն իր հետ բերել է տարբեր փոքրամասնություններ՝ ԼԳՏԲ համայնք, «Կյանքի խոսք» և այլն: Այս ամենը թիրախ դարձնելը անազնիվ պոպուլիզմ է: ՀՀԿ-ի կողմից կաթողիկոսի անվտանգության հարցը բարձրացնելը էժանագին պոպուլիզմ է»,- նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ իրականում Հայ առաքելական եկեղեցուն ամենամեծ հարվածը հասցրել է նախկին իշխանությունը:
«ՀՀԿ-ն ապացուցում է, որ Հայաստանի հեռանկարով հետաքրքրված չեն եղել, շարունակում են դրսից «տղա բերելու» ավանդույթը»,- նշեց Ս. Սաֆարյանը:
Ս. Անտինյանի դիտարկմամբ՝ քաղաքական ուժերի միջև պայքարն արդեն սկսվել է, և ՀՀԿ-ն այսօր քննարկված ցավոտ հարցն ասպարեզ բերելով՝ փորձում է նախընտրական խնդիրները որոշակիորեն լուծել:
Մանրամասն՝ տեսանյութում:








































