Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը այսօր հրավիրած ասուլիսում լրագրողներին բացատրում էր, որ Երևանի փողոցների «շլոփան» հենց քաղաքապետարանի կատարած աշխատանքի արդյուքն է ցույց տալիս. եթե քաղաքապետարանը աղ չլցնի, շլոփա չի լինի:
Նշանակում է՝ իրենք աշխատանքներ են տանում մաքրության ուղղությամբ: Ավելին՝ նրա համոզմամբ, Երևանի բոլոր փողոցները մաքրվել են, անգամ երևում է սև ասֆալտը, այլ հարց է, որ դժվարություններ կան մայթերի ու բակերի հետ:
Երբ լրագրողները բարձրացրին սառույցի տակ հայտնված փողոցի կարմիր գծերի հարցը, ինչի արդյունքում շատ վարորդներ հանիրավի տուգանվել են, փոխքաղաքապետն ասաց, թե, այո, խնդիր կա, քանի որ օրերով կայանված մեքենաներ կան փողոցներում, իսկ վարորդները պետք է կողմնորոշվեն ցուցանակներով: Վարորդների փոխհատուցման մասին խոսք չկա:
Ի դեպ՝ անցյալ տարի, որն ընտրական տարի էր, քաղաքապետարանը 3 անգամ ավելի գումար է ծախսել ասֆալտապատման, ճանապարհների ու մայթերի վերանորոգման համար, քան քաղաքապետարանի բյուջեյով նախատեսված է այս տարի:








































